Տոնական միջոցառում` նվիրված Մարշալ Հ.Բաղրամյանի ծննդյան 111-ամյակին
2 Դեկտեմբերի, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ ԽՍՀՄ մարշալ, հայ ազգի պանծալի զավակ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 111-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Ա.Բաղրամյանը, որն, ի դեպ, մարշալի եղբոր թոռն է, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Գ.Բեգլարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, Մարշալ Բաղրամյանի անունը կրող զորամասի զինվորներ, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ, «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրի հայկազուններ, աշակերտներ և այլն:
Տոնական միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով` ՀՀ ԶՈւ ռազմանվագախմբի կատարմամբ: Ապա միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների մասնակից, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հ. Բաղրամյանի արձանին:
Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկան հրավիրվածները, որոնք իրենց ելույթներում նշեցին, որ մեծ զորավարի հիշաշատակը տարիների ընթացքում ոչ թե խամրում, այլ ավելի է պայծառանում, նրա գործերը ժամանակի հետ ավելի ծանրակշիռ ու նշանակալից են դառնում: Նշենք, որ մեծն զորավարի ծննդյան տարեդարձի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Մարշալ Հ.Բաղրամյանի անունը կրող զորամասում: Ի դեպ, նման միջոցառումներն, անկասկած, ունեն նաև դաստիարակչական նշանակություն:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանն էլ իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը, չունենալով մեծ հնարավորություններ, ունեցել է հզոր անհատներ, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել պետության կայացման գործում, որոնցից մեկն էլ մեծանուն զորավարն է, և հավելեց, որ նոր սերունդն էլ պետք է ճանաչի ու մեծարի բոլոր այդ մեծություններին:
Միջոցառման ավարտին հնչեցին ռազմահայրենասիրական երգեր: