Ս.Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
2 Դեկտեմբերի, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ Ազգային ժողովի` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի, ինչպես նաև այլ պատգամավորների ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների հետ:
Հավաքակայանում Ս.Օհանյանը նախ հանդիպեց զորակոչիկների ծնողների հետ, զրուցեց նրանց հետ, հավաստիացրեց, որ զորակոչի գործընթացն իրականացվում է առավելագույն պատասխանատվությամբ, և գրեթե բացառվում են սխալ զորակոչի դեպքերը. զորակոչիկները ենթարկվում են մանրամասն ռազմա-բժշկական հետազոտման և ոչ մի հիվանդ երիտասարդ չի զորակոչվում զինված ուժեր: Նախարարը նաև նշեց, որ ազգաբնակչության գերակշռող մասը հպարտությամբ է իր զավակներին ուղարկում զինվորական ծառայության, չնայած, որ կան մտահոգիչ հարցեր, որոնց վերաբերյալ զինված ուժերի հրամանատարությունը համապատասխան հետևություններ է կատարում` տարեցտարի ավելի հետևողական լինելու, բացթողումների շուրջ ավելի խորը մտածելու համար: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ սրբազան գործ է կատարում` ծառայելով հայրենիքին: Վստահաբար կարող եմ ասել, որ բանակ այսօր զորակոչվում են միայն ծառայությանը պիտանի զինակոչիկներ` մեկ սահմանափակումով, սակայն. ոմանք նշանակվում են ոչ շարային պաշտոնների, իսկ մարտական ծառայության են զորակոչվում շարային ծառայության համար պիտանիները», - ասաց նախարարը:
Ապա Ս.Օհանյանը ծանոթացավ նաև զինակոչիկների բուժզննման գործընթացին` հերթով անցնելով բոլոր սենյակներով, զրուցեց սպաների, զինվորական բժիշկների հետ, լսեց առկա խնդիրները, տվեց հանձնարարականներ:
Իսկ զորակոչիկների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվեց, թե ի±նչ տրամադրությամբ են նրանք մեկնում ծառայության, գիտակցո՞ւմ են արդյոք իրենց սրբազան պարտականության լրջությունը:
Զրույցի ընթացքում նախարարն ընդառաջեց զինակոչիկներից երկուսին, որոնք սովորել են նույն դասարանում, ծառայել միևնույն զորամասում: Այնուհետև Ս.Օհանյանը խորհուրդ տվեց զինակոչիկներին այնպես ծառայել, որ ծառայության ավարտին կարողանան բաց ճակատով և հպարտությամբ ասել, որ ինչ-որ բան արել են հայրենիքի համար:
Այնուհետև նախարարն ուղևորվեց Հանրապետական զինկոմիսարիատ` ընդունելու զինակոչիկների ծնողներին և քաղաքացիներին, լսելու նրանց խնդիրները: