Ս.Օհանյանն ընդունեց հայազգի հանրաճանաչ բռնցքամարտիկ Վիգ Դարչինյանին
4 Դեկտեմբերի, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց երեք վարկածով առաջին թեթևագույն քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիգ (Վախթանգ) Դարչինյանին:
Նախարարը նախ ողջունեց հայ ազգի պանծալի զավակին` նշելով, որ վերջինիս շնորհիվ հայկական եռագույնը բազմիցս բարձրացել է սպորտի միջազգային ասպարեզներում և նման օրինակներով պետք է դաստիարակվի մատաղ սերունդը:
Ողջույնի իր խոսքում Ս.Օհանյանը փաստեց նաև, որ հայազգի չեմպիոնի անգնահատելի ձեռքբերումների հիմքում ընկած է բազմամյա տքնաջան աշխատանքը և կարևորեց Վ.Դարչինյանի վիթխարի ներդրումը հայ բռնցքամարտի զարգացման գործում:
Ապա աշխարհահռչակ բռնցքամարտիկը խոսեց Հայաստանում բռնցքամարտի զարգացման ուղիների, ինչպես նաև հետագա անելիքների և ծրագրերի մասին:
Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը Վիգ Դարչինյանին նվիրեց խորհրդանշական սուր` հետևյալ մակագրությամբ.
«Համաշխարհային բռնցքամարտի կենդանի լեգենդ Վիգ Դարչինյանին`
Հայ քաջազունին` ամենաանկեղծ մաղթանքներով և միշտ «թամբի վրա» տեսնելու ցանկությամբ ու համոզվածությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան»:
Այնուհետև բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճելու, միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բռնցքամարտի զարգացումը խթանելու համար Ս.Օհանյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վ.Դարչինյանին պարգևատրեց ՊՆ «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով: