Ս.Օհանյանն ընդունեց ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներին
8 Դեկտեմբերի, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը` ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի գլխավորությամբ:
Նախարարը նախ ողջունեց հյուրերին, ապա վերջիններիս հետ զրույցում կարևորեց սփյուռքի և Ռուսաստանի Դաշնության հայերի մասնակցությունը հայրենիքում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին:
Ս.Օհանյանը կարևորեց նաև Արարատ Գոմցյանի կատարած աշխատանքը` հայազգի երիտասարդների` հայրենիք վերադառնալու և հայրենի զինված ուժերում ծառայելու գործում:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար ՌԴ վերոնշյալ հայազգի քաղաքացիները պարգևատրվեցին ՊՆ գերատեսչական մեդալներով, մասնավորապես` «Մարշալ Բաղրամյան» մեդալով` Ալբերտ Շամիլյանցը, Անդրեյ Կեգեյանը, Արմեն Ստեփանյանը, Լևոն Ադամյանը «Անդրանիկ Օզանյան» մեդալով` Արտյոմ Արզումանյանը, Էդուարդ Վարդանյանը, Տեր-Արամ Հունանյանը, «Դրաստամատ Կանայան» մեդալով` Ժիրայր Մխոյանը և Հրություն Սուրմալյանը:
Իր հերթին Լևոն Ադամյանը, որն, ի դեպ, Անապա քաղաքի պատգամավոր է, շնորհակալություն հայտնեց նախարարին` գնահատանքի համար և Ռուսաստանի հայ համայնքի անունից Ս.Օհանյանին նվիրեց խորհրդանշական նավ` նշելով, որ այսուհետ ևս ջանք չեն խնայի առավելագույնս նպաստելու հայրենիքի բարօրությանը և զարգացմանը:
Իսկ Արտյոմ Արզումանյանը Ս.Օհանյանին հանձնեց Կովկասի լավագույն «Ռոդնիկ» առողջարանի երեք ուղեգիր` ՀՀ ԶՈւ սպաների համար` տեղեկացնելով, որ այս նախաձեռնությունը շարոնակական բնույթ է կրելու: