ՌՀԴ համատեղ միջոցառումներին նվիրված ամենամյա հերթական խորհրդակցություն
20 Դեկտեմբերի, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված ամենամյա հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվեցին 2008թ. ընթացքում կատարված համատեղ աշխատանքները, ծրագրվեցին հետագա անելիքները:
Խորհրդակցությանը` նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանը, ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը, Կառավարության այլ անդամներ, փոխնախարարներ, հանրապետության տարածքային զինկոմիսարներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, զինղեկներ:
Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը ողջունեց ներկաներին` իր խոսքում ընդգծելով արդեն ավանդույթ դարձած նմանատիպ միջոցառումների կարևորությունը: Նախարարը կարևորեց նաև ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացումը` մատաղ սերնդի կերտման գործում:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կ.Քոչունցը, որը խոսեց ռազմահայրենասիրական դաստիարակության առկա խնդիրների մասին` նշելով, որ 2008թ. ՌՀԴ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են. հանրակրթական հաստատությունների զինղեկների հետ կազմակերպվել և անցկացվել են եռօրյա ուսումնամեթոդական հավաքներ և հրահանգչամեթոդական պարապմունքներ, հանրակրթական դպրոցներին կցված զորամասերի հրաձգարաններում ուսումնական տարվա ավարտին ավարտական դասարանների աշակերտների հետ անցկացվել են երկօրյա ռազմադաշտային, ինչպես նաև տեսական ու գործնական պարապմունքներ, նախազորակոչային տարիքի դպրոցականների շրջանում անցկացվել է «Կորյուն» ռազմամարզական խաղերի եռափուլ առաջնություն, հանրակրթական դպրոցների շրջանավարտների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով կազմակերպվել են սեմինարներ և դասախոսություններ` «Զինված ուժերի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում», «Արցախյան գոյամարտի հերոսական էջերը և Շուշիի ազատագրումը», «Հայրենական մեծ պատերազմի հայազգի զորավարները և հայկական ստորաբաժանումների կատարած սխրագործությունները» թեմաներով: Նա նաև նշեց, որ ՀՀ ՊՆ և ԿԳՆ համատեղ հանձնաժողովի կողմից մշակվել և սահմանվել են համապատասխան չափորոշիչներ` զինղեկներին 1-ին, 2-րդ և 3-րդ կարգ շնորհելու մասին, որի ժամանակ հաշվի են առնվելու անցկացված ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված միջոցառումների որակը և մակարդակը: Իսկ առկա խնդիրների մասին խոսելիս գեներալ-մայոր Կ.Քոչունցը նշեց դրանց հիմնական պատճառները. թույլ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ՌՀԴ միջոցառումների անցկացման նկատմամբ, զինղեկների կողմից կազմվող պլան-համառոտագրերի և ամենամսյա աշխատանքային պլանների բացակայությունը, զինղեկի ոչ բավարար գիտելիքների պատճառով ՆԶՊ առարկայի անհետաքրքիր դասավանդումը և այլն:
ՌՀԴ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ զինվորական կոմիսարն առաջարկեց ավելացնել վերոնշյալ թեմայի շրջանակներում իրականացվող միջոցառումների թիվը. կազմակերպել ավարտական դասարաններ տեղափոխված աշակերտների հնգօրյա ճամբարային հավաքներ` ՊՆ ուսումնական կենտրոններում, դպրոցներին կցված զորամասերում` դրանց ընթացքում անցկացնելով ռազմամարզական խաղեր` «Հայրենյաց պաշտպաններ» խորագրով, կազմակերպել «Արիության դասեր»` աչքի ընկած զինծառայողների մասնակցությամբ, դպրոցներում հիմք դնել ռազմամարզական խաղերին:
Ապա ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վ.Ղանդիլյանը, որն իր հերթին խոսեց խնդիրների և կատարված աշխատանքների մասին. կազմվել և դպրոցներին է տրվել ՆԶՊ առարկայի 8-րդ դասարանի դասագիրքը և Ուսուցչի ձեռնարկը, որոնք մեթոդական և բովանդակային առումով էապես բարելավված են, ռուսերեն են թարգմանվել ՆԶՊ առարկայի 9-րդ և 10-րդ դասարանների դասագրքերը` ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար, մասնագետների կողմից տպագրության է պատրաստվել հայ իրականության մեջ աննախադեպ «Հայկական ռազմագիտական հանրագիտարան» եռահատոր աշխատության առաջին հատորը, որը 2009թ. անհատույց տրվելու է հանրակրթական ուսումնական հաստատություններին:
Ելույթի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկեց դպրոցներում իրականացվող ՌՀԴ որոշ դասընթացներ անցկացնել զորամասերում և կարևորեց ՀՀ պաշտպանության նախարարի կողմից վաղորոք արված առաջարկությամբ դպրոցներին կից զինավանների ստեղծումը, որտեղ կանցկացվեն ինչպես կրակային, այնպես էլ մարտավարաշարային պարապմունքներ:
Այնուհետև ելույթներով հանդես եկան կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, զինղեկներ, որոնք ևս խոսեցին թեմային առնչվող խնդիրների մասին` տալով առաջարկներ` մատաղ սերնդի շրջանում ՌՀԴ աշխատանքները լավագույնս կազմակերպելու ուղղությամբ:
Խորհրդակցությունն ընդմիջվեց ՀՀ պաշտպանության նախարարի, կրթության և գիտության, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերով նախարարների` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցով, որի ընթացքում վերջիններս հանգամանալից պատասխանեցին լրագրողների հարցերին:
Միջոցառումը շարունակվեց գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հուզիչ և ոգևորիչ ելույթով, որն իր խոսքում ընդգծեց Օրվա խորհուրդը:
Ապա, վերոնշյալ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, մեծարանքի խոսքեր հնչեցին ՀՀ պաշտպանության նախարարի հասցեին, ինչին Ս.Օհանյանը համեստորեն պատասխանեց, որ ինչքան ուշ մարդը հասնի իր փառքի գագաթնակետին` այնքան ավելի արդյունավետ կլինի նրա աշխատանքը:
Ելույթներին անմիջապես հաջորդեց երկուստեք պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ՌՀԴ գործում ունեցած ներդրումների համար շնորհակալագրերով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով և ՊՆ գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին զինված ուժերի ու կրթության և գիտության ոլորտների` առավել աչքի ընկած ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրամանով որոշ զինղեկների շնորհվեց պահեստի հերթական զինվորական կոչում, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանին շնորհվեց պահեստի հերթական` «փոխգնդապետ» զինվորական կոչում:
Իր հերթին, ՀՀ կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանը ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանին` կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, շնորհեց Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում և «Դոկտոր» մեդալով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Միրզաբեկյանին և ՀՀ ՊՆ մամլո ծառայության պետ-պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս.Շահսուվարյանին` կրթության և գիտության «Ոսկե հուշամեդալ» բարձրագույն պարգև:
Խորհրդակցության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ս.Օհանյանը, որը կարևորեց ոլորտի ներկայացուցիչների կողմից իրականացվող աշխատանքները` հորդորելով չսպասել հրահանգների, այլ ստեղծագործաբար մոտենալ բոլոր նախաձեռնություններին:
Նախարարը նշեց, որ ՌՀԴ շրջանակներում իրականացվող աշխատանքները պետք է մասը կազմեն մատաղ սերնդի կերտման, իսկ մարդիկ, որոնք իրականացնում են այդ աշխատանքները, պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինեն. «Ուսուցիչը առավել հաճախ պետք է այցելի զորամաս, իսկ գեներալը, սպան` դպրոց» - ասաց Ս.Օհանյանը` առաջարկելով հաճախակի այցելել առաջին գիծ, ոգևորել զինվորներին, ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին (ինչն, ի դեպ, արդեն ձեռնարկվել է Արցախում)` այս գործընթացում ներառելով նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Ս. Օհանյանը կարևորեց նաև աշխատանքը հասարակական կազմակերպությունների հետ` նշելով, որ պետք է մտածել ստեղծել այնպիսի կազմակերպություններ, որոնք կնպաստեն բոլոր առումներով առողջ մատաղ սերունդ դաստիարակելու գործին. «ԽՍՀՄ օրոք նման հասկացություններ կային. հոկտեմբերիկներ, պիոներներ: Անհրաժեշտ է շարունակել այն, ինչի հիմքը դրվել է տարիներ առաջ»: Նախարարն առաջարկեց 2009թ.- ին աշխատանքները կազմակերպել և իրականացնել, ինչպես Գ.Նժդեհը կասեր, «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք» և «Ես հավատում եմ քեզ զինվոր» կարգախոսների ներքո:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանը` նշելով, որ այս երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը պարտադրված է ճակատագրով և պետք է հետախուզական աշխատանքներ տանել` առավել լայն հնարավորություններ վեր հանելու նպատակով և հավելեց, որ զինղեկն այս գործում միայնակ չպետք է լինի և չի կարելի թույլ տալ, որ մի ամբողջ սերնդի դաստիարակություն դրվի նրանց ուսերին միայն. «Ուսադիր կրող մարդու հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխություն է անհրաժեշտ, որը պետք է սկսել հանրակրթական դպրոցներից» - ասաց նախարարը` ընդգծելով, որ պաշտպանության նախարարության N թվով զորամասերին կարելի է ավելացնել ևս 1500-ը` դպրոցներ, ուսումնական այլ հաստատություններ:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը եզրափակեց միջոցառումը` մեջբերելով սպարապետ Վ.Սարգսյանի խոսքերը. «Արդի ժամանակներում մեզ անհրաժեշտ են համարձակ, անկոտրում, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար գործից առավել ոչինչ և ոչ ոք կարևոր չէ»: Սա հատկապես անհրաժեշտ է մեր ազգին,- հավելեց Ս.Օհանյանը: