Փոխգնդապետ Ս.Մարտիրոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով
17 Դեկտեմբերի, 2008 00:00ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ս.թ. դեկտեմբերի 17-ի հրամանագրով ՀՀ ՊՆ թիվ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Ռաֆիկի Մարտիրոսյանը` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել է Արիության մեդալով:
Հիշեցնենք, որ ս.թ. դեկտեմբերի 12-ին զորամասի հրաձգարանում գործնական պարապմունքի ժամանակ մարտական նռնակի նետման վարժությունը կատարելիս կրտսեր սերժանտի ձեռքից նռնակը վայր էր ընկել և պայթել: Այդ պահին փոխգնդապետ Ս.Մարտիրոսյանը` անձնական արիություն դրսևորելով, իր մարմնով ծածկել էր զինվորին` փրկելով վերջինիս կյանքը:
Շնորհակալություն հայտնելով ծառայության համար, Ս.Սարգսյանը նշել է, որ ուրախ է և հպարտ, որ մեր բանակում ավելանում է սպաների թիվը, ովքեր պատրաստ են անհրաժեշտ պահին արիություն և խիզախություն դրսևորել: «Զինվորականի մասնագիտությունն այնպիսին է, որ նույնիսկ խաղաղ պայմաններում երբեմն կյանքը վտանգի է ենթարկում»:
Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը խրախուսելի է համարել, որ զինվորականն իր կյանքը վտանգում է ենթակայի` զինվորի կյանքը փրկելու համար. «Հրամանատարն այդպիսին պետք է լինի»: