2 Բնակարանամուտ Արարատի մարզում
24 Դեկտեմբերի, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնի հրավերքով, այցելեց Արտաշատ քաղաք` մասնակցելու ՀՀ պաշտպանության նախարարության, ՙԱռաջ Հայաստան՚ հիմնադրամի և ՀՄԵ կենտրոնի համագործակցությամբ Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Ֆահրադյանի և վերջինիս ընտանիքի համար Արտաշատում կառուցված առանձնատան բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Արարատի մարզպետ Վ.Հովակիմյանը և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որի օրհնությամբ էլ մեկնարկեց արարողությունը:
Ի դեպ, նշենք, որ ազատամարտիկ Ա.Ֆահրադյանն արդեն 13 տարի է ինչ բնակվում է վարձակալական հիմունքներով, մասնակից է եղել արցախյան թեժ մարտերին, հանդես է եկել 5-րդ բրիգադայի կազմում. երկու անգամ վիրավորվել է, սակայն նորից շարունակել ծառայել հայրենիքին:
Նախարարը շնորհավորեց Ա.Ֆահրադյանի բնակարանամուտը` իր խոսքում նշելով, օրվա երկու առանձնահատկությունները. նախ, որ առանձնատունը հանձնվում է ազատամարտիկին և իր ընտանիքին, երկրորդ, որ այն հանձնվում է Ամանորի նախաշեմին:
Արտաշատից ՀՀ պաշտպանության նախարարը` միջոցառման մասնակիցների ուղեկցությամբ ուղևորվեց Արարատի մարզի Բերդիկ գյուղ, որտեղ նմանատիպ մի առանձնատուն էլ հանձնվեց ազատամարտիկ Մինաս Ավագյանին:
Այստեղ Ս.Օհանյանն իր երախտագիտության խոսքն ուղղեց ՀՄԵ ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանին` կատարված բարի գործի համար, իսկ Մ.Ավագյանին ցանկացավ, որ հետնորդներն իրենց նմանվեն:
Միջոցառումն ավարտվեց գյուղի համայնքի ղեկավարի խոսքով, որն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ս.Օհանյանին, մարզպետ Վ.Հովակիմյանին և ՀՄԵ ղեկավար Ա.Նիկողոսյանին` կարճ ժամկետներում կատարած աշխատանքների և այդ աշխատանքներին աջակցելու համար:
Հաջորդ առանձնատան բացումը հեռու չէ: