2009թ. առաջին կոլեգիայի նիստը` 2008թ. արդյունքների ամփոփմամբ
9 Հունվարի, 2009 00:00Ս.թ. հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց նոր` 2009թ. առաջին կոլեգիայի նիստը` 2008թ. արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ զինված ուժերում 2008թ.-ին ունեցած ձեռքբերումներին, դրանց ամփոփմանը, ինչպես նաև տեղ գտած թերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:
Կոլեգիայի նիստին քննարկվող հարցերի շուրջ նախ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը շնորհավորեց հրավիրվածներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` նշելով, որ արդյունքների ամփոփումն ուղղված է 2008թ.-ին զինված ուժերում իրականացված աշխատանքները ճիշտ գնահատելուն և բացթողումները վեր հանելուն:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, որն այդ պաշտոնում առաջին անգամ էր հանդես գալիս տարեկան ամփոփիչ զեկույցով:
Յու.Խաչատուրովը մանրամասը ներկայացրեց ՀՀ զինված ուժերում անցկացված ամփոփիչ ստուգումների արդյունքները, ինչպես նաև զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության (ծառայության), օպերատիվ պատրաստվածության, տեխնիկայի և սպառազինության, թիկունքի, զորքերի ծառայության վիճակը:
Զեկույցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն առաջարկեց ձևավորել 2009թ.-ի զորահավաքային պատրաստության նոր միտք` առանձնակի ուշադրություն դարձնելով մարտական ծառայության և զորքերի ծառայության մակարդակի բարձրացմանը: Ապա անձնակազմին ներկայացրեց իր իսկ կողմից մտածված և արդեն տպագրված սպայի աշխատանքային օրագիրը, որը մոտ օրերս կառաքվի զորքեր և ըստ որի սպաները կկազմակերպեն իրենց առօրյա աշխատանքները:
Այնուհետև ամփոփիչ ծավալուն զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Ի.Մաթևոսյանը, ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Վ.Ավետիսյանը, ԶՈւ ԳՇ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գնդապետ Ա.Մարդոյանը, ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տ.Գասպարյանը, ԶՈւ ԳՇ կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Բաբուրյանը, ինչպես նաև ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Չիլինգարյանը, ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ո.Ադոյանը և ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալը, որոնք իրենց ելույթներում մանրամասը ներկայացրեցին զորքերի մարտական պատրաստության, օպերատիվ պատրաստվածության, բարոյահոգեբանական մթնոլորտի, սոցիալ-իրավական ոլորտի, իրականացվող գաղափարադաստիարակչական աշխատանքների, զինվորական ծառայության կարգապահության, սպառազինության և ռազմական տեխնիկայի, կապի նորագույն միջոցների, սպայական կազմի պատրաստվածության ներկա վիճակի, ինչպես նաև վերոնշյալ ոլորտներում ունեցած ձեռքբերումների, թերությունների և կորուստների մասին, տվեցին առաջարկներ` դրանք լավագույնս պահպանելու և զորքերում վիճակն էլ ավելի բարելավելու ուղղությամբ, հստակեցվեցին 2009թ.-ի անելիքները: Ապա թվարկվեցին մարտական հերթապահությունը, նաև իրենց առջև դրված խնդիրները լավագույնս կատարած, ինչպես նաև վերոնշյալ աշխատանքներում թերացած և ոչ բավարար արդյունքներ ցուցաբերած զորամասերը և ստորաբաժանումները:
Ստորաբաժանումների ղեկավարների ելույթների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի կողմից եղան դիտողություններ, ինչպես նաև տրվեցին առաջարկներ և խորհուրդներ` զորքերում զինվորական կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը, գաղափարական դաստիարակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նախարարը մասնավորապես հանձնարարեց.
1.Մեծ ուշադրություն դարձնել զորքերում դասավանդվող բոլոր 16 առարկաներին, հատկապես այնպիսիններին, որոնք անմիջապես վերաբերում են մարտական պատրաստությանը,
2. կարևորել հրամանատարների` ինքնուրույն պատրաստությունը,
3. ուսումնասիրել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՀՀ ԶՈւ անձնակազմին ուղղված տարեմուտի Ուղերձը` զինծառայության ընթացքում առաջնորդվելով նաև այնտեղ ներառված դրույթներով,
4. կազմել պլաններ` «Դաստիարակողների դաստիարակումը» խորագրով. «Քանի դեռ դաստիարակողը դաստիարակված չէ, ապա դաստիարակված չի կարող լինել նաև նրա ենթական»-ասաց նախարարը,
5. էլ ավելի լուրջ վերաբերվել զինծառայողների արձակուրդների տրամադրման կարգին, անել առավելագույնը` դժբախտ պատահարները և դեպքերը բացառելու ուղղությամբ,
6. խիստ ուշադրություն դարձնել զորակոչի գործընթացին` արմատախիլ անել զորակոչի ընթացքում տեղ գտնող արատավոր երևույթները:
Ս.Օհանյանն առաջարկեց նաև վերանայել զորքերում սպայական պաշտոնները. տվյալ պաշտոնը զբաղեցնելու նպատակով սահմանվող զինվորական կոչումները բաշխել ըստ պաշտոնի զբաղվածության և ծանրաբեռնվածության: Նախարարն անձնակազմին տեղեկացրեց նաև, որ ազգային նոր խորհրդանիշներ են մտցվելու զինվորական համազգեստի տարրերի մեջ, ինչպես նաև փոխվելու է զինվորական դաշտային համազգեստի ձևն ու տեսքը: Ապա հակիրճ տեղեկատվություն տրամադրեց պաշտպանության նախարարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ` նշելով, որ այսպիսով տարանջատվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթները, ինչպես նաև խոսեց ՀՀ Նախագահ-պաշտպանության նախարար-զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ուղղահայաց հարամանատարական շղթայի մասին` ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի նոր կառուցվածքը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մ.Հարությունյանը` ներկայացնելով զորամասերում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները:
Ամփոփիչ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ զինվորական դատախազ Ա.Խաչատուրյանը, որն իր զեկույցում ներկայացրեց հանցավորության վիճակը ՀՀ զինված ուժերում` 2008թ.-ի ընթացքում: Ա.Խաչատուրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես բանակում ինքնախեղումների դեպքերի վրա, որոնք հիմնականում ուղղված են զինծառայությունից ժամանակավորապես կամ ընդմիշտ խուսափելուն` առաջարկելով պատիժ սահմանել նման քայլի դիմող զինծառայողների համար: Նաև համոզմունք հայտնեց, որ ձեռնարկվող բոլոր միջոցառումներն իրենց նպաստը կբերեն զինվորական կարգապահության բարձրացման, դեպքերի և պատահարների նվազեցման գործում:
Այնուհետև զինվորական Կոլեգիայի անդամները ցուցումներ և խորհուրդներ տվեցին զեկուցողներին, որից հետո քննարկվող հարցերի շուրջ ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` հանձնարարելով զորամասերի հրամանատարներին և ստորաբաժանումների պետերին` գտնել լավը և ներկայացնել այն պատշաճ մակարդակով. խրախուսել առաջին գծում ծառայող զինծառայողներին և լուսաբանել նրանց: Ապա նախարարը նշեց, որ 2008 թվականն առանձնահատուկ է եղել նրանով, որ հավուր պատշաճի անցկացվեցին «Ռուբեժ 2008» զորավարժությունները` ՀԱՊԿ շրջանակներում և «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները` ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը` Երևանում, որից հետո խոսեց 2009թ.-ի անելիքների մասին. «Ընթացիկ տարում ակտիվ մասնակցություն եմ պահանջում բոլորից. հարկ է, որ բոլորդ իմանաք պաշտպանության նախարարի միտքը, հասկանաք և օգնեք: Այս տարի ևս 10%-ով կավելանա զինծառայողի աշխատավարձը, կշարունակվի զինծառայողների` բնակարանով ապահովման գործընթացը, իրականացվելու են պլանային բոլոր միջոցառումները, անցկացվելու են գնդային զորավարժություններ: Շարունակվելու է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և խորհուրդների հետ, ինչպես նաև շարունակվելու են ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները»,-հավելեց Ս.Օհանյանը` հորդորելով բարեկիրթ մոտեցում ցուցաբերել քաղաքացիական ընդունելությունների ժամանակ. «Ճիշտ և կիրթ մոտեցում ցուցաբերելիս քաղաքացիների խնդիրները լուծվում են դեռևս ստորին օղակներում, իսկ սխալ մոտեցման դեպքում` վերին օղակներում»-ասաց նա:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվեցին և պարգևատրվեցին լավագույն ցուցանիշներ դրսևորած զորամասերն ու ստորաբաժանումները, ինչպես նաև ընթերցվեցին իրենց հնարավորություններից ցածր ցուցանիշներ դրսևորած և ոչ բավարար արդյունքներ ցուցաբերած զորամասերի և ստորաբաժանումների անունները: «Մենք` բոլորս ապրում ենք մեկ մեծ ընտանիքում, որը կոչվում է բանակ, և, եթե ընտանիքում (զորամասում) երեխաներից մեկն իրեն չարաճճի է պահում, ապա դրա համար պատասխանատու է նաև «ծնողը»,-պարզաբանեց Ս.Օհանյանը: Ապա 2008թ.-ի լավագույն զորամիավորում ճանաչվեց 4-րդ բանակային կորպուսը` հրամանատարությամբ գեներալ-մայոր Վ.Գրիգորյանի, որին էլ, որպես խրախուսանք, տրվեց 2 միլիոն դրամ պարգևատրում, ևս 1 միլիոն դրամ` բանակային կորպուսի անձնակազմին խրախուսելու նպատակով: 4-րդ բանակային կորպուսին հանձնվեց նաև կոլեգիայի պատվո դրոշը` ի դեմս հրամանատար, գեներալ-մայոր Վ.Գրիգորյանի:
Այնուհետև պատվադրոշներով և խոշոր դրամական պարգևներով պարգևատրվեցին մարտական հերթապահություն իրականացնող լավագույն երեք զորամասերը, որից հետո ճանաչվեցին լավագույն մոտոհրաձգային գումարտակ, լավագույն տանկային գումարտակ, լավագույն հրետանային զորամաս, լավագույն ՀՕՊ զորամաս, լավագույն ավիացիոն զորամաս, լավագույն հետախուզական զորամաս, լավագույն կապի զորամաս, լավագույն տեխնիկական զորամաս, լավագույն թիկունքային զորամաս, լավագույն ինժեներական զորամաս, լավագույն քիմիական զորամաս, լավագույն ՌԷՊ զորամաս, լավագույն ուսումնական զորամաս, լավագույն առանձին գումարտակ, լավագույն առանձին հրետանային դիվիզիոն, լավագույն զինվորական հոսպիտալ, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակները, որոնց ևս շնորհվեցին պատվադրոշներ և դրամական պարգևներ ինչպես հրամանատարներին, այնպես էլ անձնակազմերին: Լավագույն զինկոմիսարիատ ճանաչվեց ՀՀ Նաիրիի զինկոմիսարիատը, իսկ ՌՈ լավագույն բաժին` ռազմական ոստիկանության Իջևանի բաժինը:
Պատվոգրերով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Ա.Դավթյանը, ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դ.Տոնոյանը, իսկ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, գնդապետ Մ.Իսախանյանը պարգևատրվեց շնորհակալագրով: Որոշ զորամասերի հրամանատարներ պարգևատրվեցին ՊՆ գերատեսչական մեդալներով, իսկ 4 զորամասերի հրամանատարներ` այդթվում նաև 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, որը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ Նախագահի հրամանագրով տարեվերջին պարգևատրվել էր «Արիության» մեդալով, պարգևատրվեցին անվանական զենքով:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի եզրափակիչ խոսքով, որը, շնորհակալություն հայտնելով անձնակազմին 2008թ.-ի ընթացքում լավ աշխատելու և տարին լավագույն արդյունքներով ամփոփելու համար, կրկին շնորհավորեց հրավիրվածներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով առողջ մրցակցություն, ինչպես նաև շնորհավորեց վերջիններիս` բանակի օրվա կապակցությամբ:
«1-ին գծում մենք հոգով բարձր ենք և հաղթող»,-եզրափակեց նախարարը: