
Մինչ միջոցառման մեկնարկը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գերատեսչության` 2009թ.-ի հիմնական խնդիրները:
Քննարկման ընթացքում երկրի գերագույն գլխավոր հրամանատարը նշեց, որ բանակաշինությունը տևական, ծանր գործ է, որն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում: Ս.Սարգսյանը նշեց նաև երկրի պաշտպանողականության ամրապնդման և բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի առաջնայնությունը` զինված ուժերի մշտական կատարելագործումն ու զարգացումը դիտելով ուժեղ և մարտունակ բանակ ունենալու կարևոր գրավական:

Ապա կայացավ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Թևեր» փաստագրական վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմի շնորհանդեսը. Զորի Բալայանը և Արշակ Մարգարյանը ներկայացրեցին մանրամասներ հայազգի արժանավոր զավակ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքի և գործունեության, ինչպես նաև ֆիլմի ստեղծման աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ ֆիլմը փաստավավերագրական է` խաղարկային տեսարաններով. բազմաթիվ կադրեր վերցված են արխիվից. կադրեր, որոնք երբևէ չեն օգտագործվել ֆիլմերում:
Ապա հրավիրվածները դիտեցին ֆիլմը, որին հաջորդեցին երկար ծափողջույնները:
Այսպիսով, ևս մեկ ֆիլմ հայ ֆիլմադարանում` հայազգի պանծալի զավակներից մեկի կյանքի և սխրագործությունների մասին: