Ս.Օհանյանն այցելեց հրետանային բրիգադ
16 Հունվարի, 2009 00:00Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ զինված ուժերում 2009թ.-ի նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ այցելեց Բալահովիտում տեղակայված առանձին հրետանային բրիգադ, որտեղ ուսումնական փուլի շրջանակներում հայտարարված էր ուսումնական տագնապ:
Ս.Օհանյանը շրջեց զորամասում, զրուցեց զինվորների հետ, հարցերի միջոցով ստուգեց վերջիններիս` զինվորական կանոնադրությունների, իրենց պարտականությունների իմացության աստիճանը, սպայական կազմին այս առիթով տվեց հանձնարարականներ:
ՀՀ պաշտպանության նախարարը եղավ զորամասի` վերջերս կապիտալ վերանորոգված շինություններում, ծանոթացավ զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին: Իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Ս.Հովհաննիսյանն իր վերանորոգված աշխատասենյակում Ս.Օհանյանին մանրամասը ներկայացրեց զորամասի առօրյան, աշխատանքների կազմակերպման կարգը, խնդիրները: Այստեղ ՀՀ պաշտպանության նախարարը յուրօրինակ քննություն անցկացրեց բրիգադի հրամանատարի հետ` վերջինիս` մասնագիտական գիտելիքների իմացության վերաբերյալ, ապա հանձնարարեց գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանին` ստուգել բրիգադի անձնակազմի` մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանը:
Զրույցի ընթացքում Ս.Օհանյանը հատկապես կարևորեց, որ զորամասում, ընդհանրապես, ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել.
1. կոլլեկտիվ` հիմնված փոխադարձ վստահության վրա,
2. համապատասխան վստահության և աշխատանքային մթնոլորտ, տրամադրություն, որին նպաստում են.
ա/ հրամանատարի անձնական օրինակը,
բ/ մարդկային հարաբերությունները:
«Դաստիարակության կարևոր դրույթներից մեկը ենթակաների նկատմամբ պահանջկոտության զուգակցումն է նրանց հանդեպ տածած հարգանքով և հոգատարությամբ: Մարդիկ պետք է զգան իրենց աշխատանքի արդյունքը, իսկ դրա միակ եղանակը արդյունքների շաբաթական, ամսեկան, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփումներն են, որոնց այդ նույն մարդիկ պետք է սպասեն սպասումով: Պետք է կազմակերպել առողջ մրցակցություն. որոշել, թե ի±նչ պարբերականությամբ պետք է կազմակերպել մրցույթը, որպեսզի այդ մրցակցությունը լինի անընդհատ: Ուսուցումը և դաստիարակությունը պետք է միշտ զուգորդված լինեն: Իսկ հաջողություններ գրանցած անձնակազմին, անհատին պետք է խրախուսել` ոգևորելու համար: Այս ամբողջ համակարգը, սիստեմը ստեղծելու դեպքում միայն կարելի է գտնել այն հարցերի պատասխանները, որոնք ուղղված են կոլլեկտիվում ճիշտ կադրային քաղաքականություն վարելուն և առողջ մթնոլորտ, փոխադարձ վստահություն ստեղծելուն:
Ինչպես նաև լարված շաբաթից հետո պետք է կիրակին այնպես կազմակերպել, որպեսզի անձնակազմը կարողանա թոթափել այդ լարվածությունը` հաջորդ շաբաթ նույն լարվածությամբ աշխատելու նպատակով»-ասաց նախարարը:
Ապա Ս.Օհանյանը եղավ բրիգադի ավտոհավաքակայանում. ծանոթացավ ավտոտեխնիկայի վիճակին, դրանց պահպանման պայմաններին, առաջարկեց իրականացնել պարկի հեռանկարային պլանավորում` շինարարական աշխատանքները և դրանց հետ կապված խնդիրներն ամբողջությամբ ավարտելու նպատակով:
Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նվերներ հանձնեց բրիգադի հրամանատարությանը` դիվիզիոնի արդյունքների ամփոփման ժամանակ անձնակազմին խրախուսելու նպատակով:
Շրջայցը շարունակվում է: