ՀՀ զինված ուժերը ծանր կորուստ կրեցին

19 Հունվարի, 2009 00:00
Ս.թ. հունվարի 19-ին, կյանքի 59-րդ տարում մեզանից վաղաժամ հեռացավ ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, ՀՕՊ վարչության պետ, գեներալ-մայոր Արարատ Խաչիկի Համբարյանը:

Արարատ Համբարյանը ծնվել է 1950թ. սեպտեմբերի 16-ին` Չինաստանի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում, 1973թ. ավարտել է Մինսկի բարձրագույն ինժեներական զենիթա-հրթիռային զինվորական ուսումնարանը, 1981-ին` ԽՍՀՄ ՀՕՊ ռազմական ակադեմիան, իսկ 1990թ.-ին` ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան: 1967-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992-1998թթ.` ՌԴ զինված ուժերում` զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ: 1998թ.-ից Արարատ Համբարյանը ծառայում է ՀՀ զինված ուժերում: 2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում: Մեծ է գեներալ Ա.Համբարյանի ներդրումը ՀՀ զինված ուժերում ՀՕՊ համակարգի մակարդակի բարձրացման, երիտասարդ մասնագետների մասնագիտական պատրաստության և զինված ուժերի կայացման ու կատարելագործման գործում: Ա.Համբարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական ընկերակցության ամրապնդման համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Համագործակցության ամրապնդման համար» պետական և գերատեսչական մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով: Բազմիցս խրախուսվել է շնորհակալագրերով ու պատվոգրերով: Արարատ Համբարյանի գործն ու անունը միշտ վառ կմնա մեր հուշերում: Գեներալ Ա.Համբարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունվարի 19-ին, ժամը 19:00-20:00 (Հասցեն` ք.Երևան, Բաբայան 15, բն.16): Հանգուցյալին վերջին հրաժեշտի արարողությունը` հունվարի 20-ին, ժամը 12:00-14:00` Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • Տարածել