Աշխատանքային այց` ԼՂՀ
19 Հունվարի, 2009 00:00Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում, երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ.Սարգսյանը:
Այցի ընթացքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում քննարկվեցին ՀՀ և ԼՂՀ կառավարությունների` 2009թ. համագործակցության ծրագրերի համակարգման և իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունները: Պատվիրակության անդամները ԼՂՀ իշխանությունների հետ համատեղ ծանոթացան նաև համայնքների` ենթակառուցվածքների զգալի ներուժ ունեցող գյուղատնտեսության և այլ ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծմանը ՀՀ հնարավոր օժանդակության հարցերին:
Պատվիրակության անդամները եղան նաև մայրաքաղաք Ստեփանակերտում, ապա Շահումյանի շրջանում` մասնավորապես շրջկենտրոն Քարվաճառում, զրուցեցին տեղի բնակչության հետ, ծանոթացան վերջիններիս հուզող հարցերին:
Այնուհետև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ ՀՀ պատվիրակությունն այցելեց Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերություն, ծանոթացավ ընկերության ընթացիկ աշխատանքներին և 2009թ. անելիքներին:
Իսկ Ստեփանակերտում պաշտպանության բանակի զորամասեր այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան զինվորների առօրյային, զրուցեցին վերջիններիս հետ, պաշտպանության բանակի շտաբում հանդիպումներ ունեցան սպայական կազմի հետ, որտեղ էլ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը ներկայացրեց բանակաշինության խնդիրներն ու զարգացման ծրագրերը: