Պարգևների հանձնում` պաշտպանության նախարարությունում

28 Հունվարի, 2009 00:00
Ս.թ. հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն` ՀՀ բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ:

Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գ.Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի ողջ բարձրագույն սպայակազմը, սպաներ, ազատամարտիկներ: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ զինված ուժերի մարտական դրոշի` կոլեգիայի նիստերի դահլիճ ներս բերմամբ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ողջունեց հրավիրվածներին` շնորհավորելով ՀՀ բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ: Ս.Օհանյանը շնորհավորեց նաև ՀՀ ուժային կառույցների մյուս ղեկավարներին` իր խոսքում կարևորելով վերջիններիս դերն ու ավանդը բանակի ստեղծման և կայացման գործում. «Կառույցներ, որոնք Բանակի կազմավորման առաջին իսկ օրից եղել են մեր կողքին, աջակցել են մեզ, կրել են զրկանքներ, ունեցել կորուստներ»: Ապա շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գ.Հակոբյանը` ԶՈւ անձնակազմին մաղթելով հաջողություններ և նորանոր նվաճումներ ծառայության ընթացքում: Ի դեպ, ՀՀ բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև զինված ուժերի ստեղծման և կայացման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ ԱԱծ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գ.Հակոբյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պարգևատրվեց հուշանվեր-դաշույնով, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը` հուշանվեր-ժամացույցով, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանը և ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ, գնդապետ Ա.Կարապետյանը` «Մարտական համագործակցության համար» մեդալով, իսկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս.Գալստյանը և ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դ.Տոնոյանը պարգևատրվեցին «Անվտանգության ապահովման համար» կրծքանշանով: Հրավիրվածներին շնորհավորական խոսք հղեց նաև ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը, որը ոստիկանության կոլեգիայի և իր անունից շնորհավորեց ԶՈւ անձնակազմին` բանակի օրվա առթիվ` կարևորելով վերջինիս դերն ու նշանակությունը հայրենի սահմանների պաշտպանության, պետության անվտանգության պահպանման գործում: Ա.Սարգսյանն իր պարտքը համարեց հիշատակել նաև այս օրվա համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողներին և հաջողություն մաղթեց ԶՈւ անձնակազմին` հայրենքը պաշտպանելու դժվարին և պատվաբեր գործում` ԶՈւ կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ և բանակաշինության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար «Մարտական զորակցության» մեդալով և անվանական զենքով պարգևատրելով ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանին: Այնուհետև ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանի հրամանով «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Ա.Դավթյանը, ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Ի.Մաթևոսյանը, ԶՈւ ԳՇ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գնդապետ Ա.Մարդոյանը, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և ռեժիմի վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա.Անդրեասյանը, ԶՈւ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Գ.Մանուկյանը, ԶՈւ ԳՇ ՌԷՊ բաժնի պետ, գնդապետ Վ.Ավետիսյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ գլխավոր դատախազի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վ.Վարդանյանը, որը շնորհավորեց ԶՈւ անձնակազմին` տոնի առթիվ և ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի անունից համագործակցության ամրապնդման, անօրինականությունների, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի համար թանկարժեք նվերով պարգևատրեց ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանին, իսկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության որոշ աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով: Միջոցառման ավարտին ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Վ.Ավետիսյանն անձակազմին ընթերցեց ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հրամանագիրը` ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին, համաձայն որի պարգևատրվել են. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով` պահեստազորի գեներալ-մայոր Հմայակ Վարազդատի Հարոյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` ՀՀ ԶՈւ ԳՇ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ոստանիկ Վասիլի Ադոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Էդուարդ Սարգսի Գևորգյանը, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Ժորայի Մաթևոսյանը, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Արտաշես Միկիչի Փարսադանյանը, ազատամարտիկներ` Միքայել Ավագի Ապրեսյանը, Գագիկ Գարսևանի Դանիելյանը, Աշոտ Վարազդատի Համբարձումյանը, Կարեն Արշավիրի Ներսիսյանը: Արիության մեդալով` ազատամարտիկներ` Գուրբանմիրատ Բազարբայի Նեպեսովը (հետմահու), Վլադիմիր Սերգեյի Վարտանովը, ՀՀ ՊՆ 60925 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մանվել Հրանտի Միրզախանյանը, ՀՀ ՊՆ 38862 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Աղասու Ջալավյանը: Իսկ «Մարտական ծառայության մեդալով»` մի շարք զորամասերի զինծառայողներ: Շատ զինծառայողներ և ազատամարտիկներ էլ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրամանով պարգևատրվեցին ՊՆ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի մարտական դրոշի` դահլիճից դուրս բերմամբ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կրկին շնորհավորեց ԶՈւ անձնակազմին` տոնի առթիվ` շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար. «Կրկնակի շոյված ենք և հպարտ, որ Հանրապետության ուժային կառույցների ղեկավարներն այսօր մեր կողքին` մեզ հետ պարգևատրումներ են իրականացնում: Ուստի, ցանկանում եմ բոլորիս` միասնականություն»-ասաց նախարարը:
  • Տարածել