Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին
2 Փետրվարի, 2009 00:00Ս.թ. փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեստրաբին և ռազմական կցորդ Իվան Տրնկային:
Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին, ապա նշեց, որ երկու երկրների միջև սկզբնավորման փուլում գտնվող ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի, ինչի վկայությունն է նաև ՀՀ-ում առաջին անգամ Չեխիայի ռազմական կցորդ` ի դեմս Իվան Տրնկայի, նշանակվելու փաստը:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը փաստեց, որ առկա են բազմաթիվ բարենպաստ հնարավորություններ` զարգացնելու համագործակցությունը ռազմական և ռազմաքաղաքական բնագավառներում ինչպես ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում, այնպես էլ ԵՄ «նոր հարևանության» և նախաձեռնվող «արևելյան գործընկերության» շրջանակներում:
Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: