Ռազմահայրենասիրական միջոցառում ԵՊՄՀ-ում` «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով

25 Փետրվարի, 2009 00:00
Ս.թ. փետրվարի 25-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ուսխորհրդի կողմից կազմակերպված հերթական ռազմահայրենասիրական միջոցառումը, որին մասնակցեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պետական այլ այրեր:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտի ընթացքում զոհված բոլոր հայորդիների անմար հիշատակը: Միջոցառումը տերունական աղոթքով բացեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որն իր խոսքում մեկ անգամ ևս հիշեցրեց, որ ազգային ինքնությունն ու պետականությունը հարատև են քանի դեռ երիտասարդ սերնդի մեջ կենդանի են մեր նախնիների հիշատակն ու գործած սխրանքները: Իսկ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանն իր խոսքում կարևորելով համալսարանի կողմից պարբերաբար անցկացվող նման միջոցառումների դերը, նշեց, որ հենց դրանց հիմքում է ձևավորվում օրինապաշտ և հայրենասիրական արժեքներով դաստիարակված ՀՀ քաղաքացին: Արտուշ Ղուկասյանը միաժամանակ վստահեցրեց, որ ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների անմիջական համագործակցության արդյունքում ծնված այսօրինակ միջոցառումների անցկացման ծրագիրն այսուհետ ևս իր ուրույն տեղն է գտնելու համալսարանի առօրյայում: Ապա, միջոցառման շրջանակներում, Արտուշ Ղուկասյանը` ուսանող երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական մանկավարժ-հոգեբան կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև համալսարանի հետ սերտ համագործակցության համար ՀՀ ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաների պարգևատրեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» մեդալով: Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` իր և ՊՆ ողջ անձնակազմի անունից շնորհավորելով ներկաներին Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրվա կապակցությամբ` ընդգծեց, որ նման ռազմահայրենասիրական միջոցառումներին իր անմիջական աջակցությունը սրբազան պարտք է համարում զոհված տղաների առջև: Տղաների, որոնց արիության և կյանքի գնով ձեռք բերված հաղթանակի շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղ պայմաններում զբաղվում ենք հայրենի երկրի շենացման և հզորության ամրապնդման գործով: Նախարարը կարևորեց նաև երիտասարդության շրջանում այն գիտակցության ամրապնդումը, որ Արցախյան գոյամարտի պայքարն իր սկիզբն է առել ոչ թե 1988թ.-ին, այլ հեռավոր 60-ականներին, երբ առանձին հայրենասեր հայորդիների ջանքերով ու ուժերով ձևավորվեց հետագա պայքարի գաղափարական կորիզը: Վերհիշելով Արցախյան ազատամարտը` Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման դերը, նշելով, որ հենց այսպիսի հանդիպումների շրջանակներում են երիտասարդներին փոխանցվելու իրական պատմությունները թե 77 տարեկան հասակում վիրավորված գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի, թե «Ճուտո» մականունը կրող, հայտնի ու անհայտ 14 տարեկան պատանիների` ազատամարտին բերած մասնակցության մասին: Միջոցառման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նաև գերատեսչական մեդալներով ու պատվոգրով պարգևատրեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի` ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ավանդ ներդրած դասախոսական կազմին: Միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով, որի ընթացքում հայտնի երգիչ-երգչուհիների կողմից հնչեցին տարբեր հայրենասիրական կատարումներ:
  • Տարածել