Ս.Օհանյանն ընդունեց Մարկուս Մեքելին
23 Փետրվարի, 2009 00:00Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության փոխնախագահ Մարկուս Մեքելին:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը ողջունեց Մ.Մեքելին` փաստելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման բավական լայն և բազմաբնույթ հնարավորությունները, որի զարգացման կարևոր բաղադրիչներից է հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանների և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների միջև համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը նշեց, որ պաշտպանության ոլորտը և դրա հետ կապված բարեփոխումները դիտարկվում են Հանրապետությունում ժողովրդավարության ընդհանուր զարգացման ամբողջության մեջ, ինչը կնպաստի նաև Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը և անվտանգության ամրապնդմանը:
Ապա կողմերը փաստեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև համագործակցության բարձր մակարդակը, որն աչքի է ընկնում իր գործնական մոտեցումներով:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց Մ.Մեքելին` Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից իրականացվող գործունեության համար: