Շրջայց` կայազորային հոսպիտալում և կենտրոնական պոլիկլինիկայում
27 Փետրվարի, 2009 00:00Ս.թ. փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի կայազորային հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին:
Ս.Օհանյանը` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Ա.Փարսադանյանի ուղեկցությամբ, եղավ հոսպիտալի գրեթե բոլոր բաժանմունքներում, ինչպես նաև հոսպիտալի տարածքում տեղակայված ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում:
Պոլիկլինիկայի պետ, գնդապետ Ժաննա Առաքելյանը նախարարին ներկայացրեց պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին պոլիկլինիկայի շենքային պայմաններին:
Իսկ կայազորային հոսպիտալի բաժանմունքներում շրջայցի ժամանակ պաշտպանության նախարարը զրուցեց հոսպիտալի աշխատակիցների և հիվանդների հետ: Նախարարի այցելությունը թերապևտիկ բաժանմունք` համընկավ զինվորների նախաճաշի հետ. արդեն ճաշարանում նախարարը հենց զինվորներից իմացավ մատուցվող ճաշի որակի և բուժօգնության պայմանների մասին:
Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ընդգծելով ԶՈւ անձնակազմին պատշաճ մակարդակի բուժօգնությամբ ապահովելու և նրանց ընտանիքների անդամների առողջության մասին հոգ տանելու կարևորությունը, ռազմաբժշկական վարչության պետին տվեց հստակ հանձնարարականներ` լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու և կայազորային հոսպիտալներում իրականացվող աշխատանքների մակարդակը նոր` ավելի բարձր աստիճանի բերելու համար: