Նոր նշանակումներ

2 Մարտի, 2009 00:00
Ս.թ. մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների` ԶՈւ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ՊՆ ռազմարդյունաբերության, Կադրերի և ռազմական կրթության և ՊՆ տեղեկատվության վարչությունների, ինչպես նաև ՊՆ մամլո ծառայության և «Հայ Զինվոր» թերթի խմբագրության անձնակազմերի հետ:

Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը անձնակազմերին ներկայացրեց պաշտպանության նախարարության համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում կատարված նոր նշանակումները, ըստ որի ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Վ.Ավետիսյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ է նշանակվել գնդապետ Մ.Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ է նշանակվել գնդապետ Մ.Իսախանյանը, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ է նշանակվել գնդապետ Ա.Ալեքսանյանը: Ս.Օհանյանը նաև շնորհակալություն հայտնեց ՊՆ տեղեկատվության վարչության նախկին պետ, գնդապետ Վ.Իսրայելյանին` այդ պաշտոնում կատարած աշխատանքների համար` ընդգծելով վերջինիս` բանակաշինության գործում ունեցած ավանդը: Այնուհետև նախարարն անդրադարձավ վերոնշյալ ստորաբաժանումների հետագա գործունեությանը` կարևորելով կադրային լուրջ քաղաքականության իրականացումը զինված ուժերում, ինչպես նաև համակարգի` հասարակայնության հետ կապերի ապահովումը և վերջինիս իրազեկումը պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց նաև, որ յուրաքանչյուր պետ, հրաման տալուց առաջ, պետք է նախ ինքն իր մասով կատարի տրված հրամանի իր մասնաբաժինը, ապա նոր պահանջի ենթականերից: Այնուհետև նախարարը հանձնարարականներ տվեց` ուղղված համակարգում կարգապահության բարձրացմանը, հասարակության մեջ զինծառայողի պահվածքին, հասարակայնության հետ կապերի ամրապնդմանը: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն մաղթեց անձնակազմին` ծառայության և հետագա աշխատանքային գործունեության մեջ:
  • Տարածել