Միջոցառում` Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
5 Մարտի, 2009 00:00Հայ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, ՀՀ և Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ս.թ. մարտի 5-ին, սպարապետի անունը կրող ՊՆ ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ տոնական միջոցառում:
Միջոցառումը մեկնարկեց ինստիտուտի անձնակազմի շարային հանդիսավոր քայլերթով, որից հետո ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, ավիացիայի գեներալ-մայոր Ս.Գալստյանը և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մ.Կարապետյանը ծաղկեպսակ դրեցին սպարապետի` ինստիտուտի բակում կանգնեցված կիսանդրիին:
Ինչպես իր խոսքում նշեց ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իրենց ամենօրյա գործունեության ընթացքում իրենք կուրսանտների մեջ սերմանում են ոչ միայն մեր նախնիների ու պապերի, Գ. Նժդեհի և Զորավար Անդրանիկի գաղափարները, այլև, առաջին հերթին, այն մարդու իղձերը, նպատակներն ու պատգամները, ում անունը հպարտորեն կրում են. «Մենք իրավունք ունենք միայն լավ սովորելու և օրեցօր կատարելագործվելու»,-ասաց նա:
Իսկ Վ.Սարգսյանի անվան կրթաթոշակ ստացող կուրսանտների խոսքերով, սպարապետի օրինակն է նրանց ոգևորել` լինելու օրինակելի, ամենալավը. «Անվանական կրթաթոշակն ավելի է պարտավորեցնում լավ սովորել ու ծառայել»:
Ապագա սպաներն համոզված բարձրաձայնում են նաև, որ Հայ սպան պետք է լինի գրագետ, իմանա ռազմական գործը, հոգատար լինի անձնակազմի նկատմամբ և, ինչպես ցանկացած հայ, պետք է լինի հայրենասեր ու հայասեր: