Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Աֆղանստանի արտակարգ և լիազոր դեսպանին
5 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Աֆղանստանի արտակարգ և լիազոր դեսպան Զալմայ Ազիզին:
Ս.Օհանյանը նախ ողջունեց դեսպանին ՊՆ վարչական համալիրում` շնորհավորելով վերջինիս` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը, ի դեմս Զ.Ազիզի, իր զորակցությունը հայտնեց աֆղան ժողովրդին` անկախության և ազատության համար պայքարում, ինչպես նաև երկրում անվտանգության և կայունության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերի համար` նշելով, որ Աֆղանստանում կայուն և ժողովրդավարական երկրի ստեղծումը բխում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համընդհանուր շահերից:
Նախարարը նշեց նաև, որ դաշնակից ուժերի արդյունավետ գործողություններն Աֆղանստանում մեր կողմից գնահատվում են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի գործում վերջնական հաղթանակի ապահովման կարևոր բաղադրիչ:
Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը հավելեց, որ Աֆղանստանում կոալիցիոն ուժերի կողմից իրականացվող գործողությունների սկզբից ի վեր Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել վերջիններիս` մասնավորապես ռազմական բեռնափոխադրումների և անձնակազմի տեղափոխման համար օդային տարածք տարամադրելու հարցում: