Ս.ՕՀԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ

6 Մարտի, 2009 00:00
Ս.թ. մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպեց ազատամարտիկների ծնողների, կանանց, ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ:

Հանդիպման սկզբում համալսարանի ռեկտոր Ա.Սիմոնյանը նախ շնորհակալություն հայտնեց Ս.Օհանյանին` հրավերքը չմերժելու համար, նշելով, որ այս օրերին Հանրապետությունում նշվում է բանակաշինության գործում հսկայական ավանդ ունեցող հայի` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց նաև «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը` իր խոսքում ներկայացնելով ակումբի գործունեությունը, որը նպաստում է մեր անկախ հայրենիքի զորացմանը: Ապա ակումբի անդամներն իրենց ելույթներում նշեցին, որ հիմնադրման` 1996թ.-ից ի վեր ՌՀԴ դասեր են անցկացնում համալսարանի ուսանողների, դպրոցների աշակերտների հետ: Ակումբականները հանդիպումներ են ունենում նաև ազատագրական պայքարում զոհված ուսանողների ծնողների, հարազատների, հայ երևելիների, ինչպես նաև հաշմանդամների հետ: ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց «Վարդանանք» ակումբի անդամներին` ի դեմս նախագահ Ս.Աբրահամյանի` ազնվազարմ գործունեության համար և վերջիններիս պարգևատրեց պատվոգրերով: Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` նշելով, որ հանդիպումները ԵՊՀ-ում արդեն դարձել են ավանդույթ: Նախարարն իր խոսքում նշեց, որ ԽՍՀՄ օրոք հիմնական ուսուցմանը զուգահեռ գործում էին նաև այլ կազմակերպություններ (կային հոկտեմբերիկներ, պիոներներ), որոնք ևս կրթում և դաստիարակում էին երեխաներին` հասարակությունը համալրելով պիտանի անհատներով: Նախարարն այդ առումով ընդգծեց հասարակական կազմակերպությունների դերն ու գործունեությունը, որոնք նպատակ ունեն նպաստել պետականության ամրապնդմանը, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը` կարևորելով համագործակցությունը վերջիններիս հետ: Նախարարը նշեց, որ «Վարդանանք» ակումբը` իրականացնելով հիմնականում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գործունեություն, յուրօրինակ է նաև իր անվանումով: «Մեր պայքարի ընթացքում ձեռք ենք բերել արժեքներ, որոնք պարտավոր ենք մշակել, կատարելագործել և փոխանցել մատաղ սերունդներին: Սա մասն է կազմում ռազմահայրենասիրական դաստիարակության, սա էլ իր հերթին` մեր երկրի ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակության: ՀՀ ռազմական դոկտրինում նույնիսկ, ՌՀԴ-ի բացակայությունը դիտվում է որպես ազգային անվատնգությանն ուղղված սպառնալիք: Անհրաժեշտ է ստեղծել մի այնպիսի համակարգ` անիվ, որտեղ բոլոր քաղաքացիները բռնկված կլինեն հայրենասիրությամբ, և որտեղից մարդիկ չեն կարողանա դուրս գալ այն պարզ պատճառով, որ հասարակության կողմից կհամարվեն ոչ հայրենասեր, անկարող: Սրա համար տարիներ են պետք, սրա համար անհրաժեշտ է ունենալ ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ»-ասաց նախարարը: Ս.Օհանյանն ընդգծեց, որ Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ պետք է կցված լինեն զինված ուժերին և համագործակցեն: Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց ներկաների հարցերին` մասնավորապես նշելով, որ պատերազմի, հաղթանակների թեմաներով կառուցված հուշարձանները ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության ու մշակույթի նախարարների եռակողմ համատեղ հրամանով նախատեսվում է կցել զորամասերին և դպրոցներին, քանզի այդ քարեղեն կոթողների միջոցով արտացոլվում է մեր հերոսների ոգին և ուժը` անդրադառնալով մեր սրտերում, ինչը և խթան է հանդիսանում նրանց նմանվելու. «Երկիրը, հայրենքը պաշտպանում են բանակը և ժողովուրդը` միասին. երբ ժողովուրդը բանակի հետ է` այն անպարտելի է»- եզրափակեց նախարարը: Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ս.Օհանյանին` արժեքավոր, հաճելի և անկեղծ զրույցի համար` ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև «Վարդանանք» ակումբի անունից վերջինիս նվիրելով նկարիչ Նաղաշ Փաշայանի` «Գարուն» խորագրով ձեռակերտ նկարը և գիրք` նվիրված Կիլիկիայի ջարդերի 100-ամյակին: Իր հերթին Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին և «Վարդանանք» ակումբին` հրավերքի համար, և կանանց միջազգային օրվա կապակցությամբ ծաղիկներ և նվերներ նվիրեց հանդիպմանը ներկա իգական սեռի ներկայացուցիչներին, որոնց թվում էին զոհված ազատամարտիկների մայրեր, քույրեր, այրիներ:
  • Տարածել