Դուշման Վարդանը 43 տարեկան է
9 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելեց հայ ազգի նվիրական զավակ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու), արցախյան ազատամարտում զոհված Դուշման Վարդանի` Վարդան Ստեփանյանի տուն-թանգարան:
Վարդանի մայրը` տիկին Զարուհին, նախ ներկաներին մանրամասներ ներկայացրեց որդու կյանքից և գործունեությունից, ապա նաև` կենսագրական դրվագներ. Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966թ.-ի մարտի 9-ին` Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել է աֆղանական պատերազմին: 1988թ.-ից ներգրավվել է ազգային ազատագրական շարժմանը, մասնակցել Արցախի ինքնապաշտպանության և ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտերին, Շուշիի ազատագրմանը: Զոհվել է 1992թ.-ի հուլիսի 3-ին` ԼՂՀ Մարտունու շրջանի Նյուրիշեն գյուղում` ականի պայթյունից:
Ապա Ս.Օհանյանը շրջեց տուն-թանգարանում, զրուցեց Զարուհի մայրիկի հետ, լսեց խնդիրները, որից հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ընթացքում Ս.Օհանյանը նշեց, որ այցելությունը Դուշման Վարդանի տուն-թանգարան` կապված է նրա ծննդյան օրվա հետ. «Ես ճանաչել եմ Դուշման Վարդանին և միանգամից նկատել եմ նրա ունակությունները, բարձր գիտելիքները, փորձը և վերաբերմունքը ծառայակից ընկերների հանդեպ: Եթե նա այսօր ողջ լիներ, ապա զբաղեցրած կլիներ հրամանատարական որևէ բարձր պաշտոն»-ասաց նախարարը:
Այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց տիկին Զարուհուն` այդ փոքրիկ օջախի միջոցով հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակություն սերմանելու համար: