Ս.ՕՀԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՃՀ
10 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, որտեղ հանդիպեց ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպման սկզբում համալսարանի ռեկտոր Ո.Մարուխյանը ողջունեց Ս.Օհանյանի այցը համալսարան` ուսանողներին ներկայացնելով Ս.Օհանյանի կենսագրությունն ու անցած մարտական ուղին:
Այնուհետև, անդրադառնալով ԲՈւՀ-ի գործունեությանը, Ո.Մարուխյանն ընդգծեց իր ղեկավարած ուսումնական հաստատության դերն ու նշանակությունը, խոսեց ուսումնառության պայմանների, հնարավորությունների և մասնագետների պատրաստման գործընթացի մասին:
Ապա, խոսելով ռազմահայրենասիրական դաստիարակության և բանակ-հասարակություն կապի մասին, ռեկտորը հույս հայտնեց, որ ԲՈւՀ-ի և պաշտպանության նախարարության միջև համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա կդրվի, իսկ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը, կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, ներկաներին ներկայացրեց վերոնշյալ հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը մասնավորապես նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ձեռք բերված համատեղ պայմանավորվածության մասին, համաձայն որի Հանրապետության մի շարք դպրոցներ կցվել են մոտակա զորամասերին և պարբերաբար հանդիպումներ են անցկացվում դպրոցականների ու զինվորների միջև: Իսկ զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչներն էլ նման հանդիպումներ կունենան ուսանողների հետ` բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Իր ելույթում Ս.Օհանյանը խոսեց նաև պաշտպանության ոլորտում իրականացվող պաշտպանական բարեփոխումների մասին, անդրադարձավ նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, տարվող կադրային քաղաքականությանը և բազմաբովանդակ այլ թեմաներին:
Հանդիպման ընթացքում նախարարին ուղղվեցին նաև հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին վերջին շրջանում հակառակորդի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին, «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունների կատարմանը` մասնավորապես 18 տարին լրացած բոլոր երիտասարդների պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
Բարձրացված բոլոր հարցերին Ս.Օհանյանը տվեց սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ժամկետային ծառայությունն ավարտած և ներկայումս ուսումը շարունակող թվով վեց ուսանողների, ինչպես նաև ռեկտորի օգնական, դոցենտ Հ.Բաղյանին նվիրեց անվանական ժամացույցներ:
Իսկ ԲՈւՀ-ի ռեկտոր Ո.Մարուխյանին նախարարը նվիրեց իր` «21-րդ դարի բանակը» հեղինակային գիրքը, իսկ ԲՈւհ-ին` նաև մարշալ Ա.Խանփերյանցի անվան հուշամեդալ:
ԲՈւՀ-ի ռեկտորն, իր հերթին, Ս.Օհանյանին նվիրեց խորհրդանշական նվերներ: