Չի համապատասխանում իրականությանը
14 Մարտի, 2009 00:00Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի` ս.թ. մարտի 11-ի համարում տեղ գտած «Ջոկատի հրամանատարից մուրացկան» խորագրով հրապարակման (հոդվածագիր` Մանյա Պողոսյան), ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրապարակման առնչությամբ կատարված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ հոդվածում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
«Առավոտ» օրաթերթի վերոնշյալ հոդվածում նշվող` ավտովթարի հետևանքով ողնաշարի կոտրվածքով հիվանդանոցում գտնվող փոքրիկ աղջնակին օգնելու նպատակով «Առավոտ» օրաթերթի աշխատակցի հետ համատեղ կատարված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, սակայն, որ. քաղաքացի Ալբերտ Վարդանի Վարդանյանը ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ ԶՍՊ վարչություններում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումներում, Աֆղանական պատերազմի վետերանների միությունում, նույնիսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես հաշմանդամ հաշվառված չէ և հաշմանդամության որևէ թոշակ չի ստանում: Վերջինս հրավիրվել է ՊՆ ԶՍՊ վարչություն և իր հայտարարության համաձայն (կից ներկայացվում է) նշել, որ հոդվածում նախանշված որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը, որ ինքը երբևէ ջոկատի հրամանատար չի եղել, չունի «ավագ լեյտենանտ» զինվորական կոչում, ինչպես նաև չունի հաշմանդամության սահմանված որևէ կարգ, սակայն, իր պնդմամբ, «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողությունների և 1993թ.-ին վիրավորվել Ֆիզուլիում (հրազենային վիրավորում որովայնի շրջանում): Նշենք, որ Ա.Վարդանյանը չունի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ և որպես այդպիսին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում հաշվառված չէ:
Այս առթիվ «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության փոխնախագահ Վլադիմիր Փայլակի Առաքելյանի (Վովա) մասնակցությամբ կատարված առերեսման ժամանակ պարզվել է, որ Ա.Վարդանյանը վերոնշյալ ստորաբաժանման կազմում երբևէ չի եղել և չի մասնակցել որևէ մարտական գործողության:
Ինչ վերաբերում է ավտովթարի հետևանքով ողնաշարի կոտրվածքով Երևանի թիվ 3 մանկական հիվանդանոցում գտնվող նրա դստերը` Քրիստիկ Վարդանյանին, ապա հարկ է նշել, որ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության աշխատակցի կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ այդպիսի հիվանդ նշված հաստատությունում չկա:
Ելնելով վերոգրյալից, կարելի է փաստել, որ քաղաքացի Ալբերտ Վարդանյանի` «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցը զուրկ է ճշմարտությունից և համարվում է ՀՀ զինված ուժերը վարկաբեկելու անհաջող փորձ, իսկ վերջինս` խաբեբա, որն արատավորում է հայ զինվորականի պատիվն ու անունը, նաև` համազգեստը:
Ա. Վարդանյանի հայտարարությունը: