Հերթական առանձնատունը` Խաչիկում

17 Մարտի, 2009 00:00
Շարունակելով ՀՀ պաշտպանության նախարարության և Համահայկական Միջազգային Երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի տարբեր մարզերում Արցախյան ազատամարտում զոհված և հաշմանդամ, ինչպես նաև սոցիալապես անապահով ազատամարտիկների համար առանձնատների կառուցման ծրագիրը, ս.թ. մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ, որտեղ տեղի ունեցավ հիմնարկեքի հերթական արարողությունը: Այստեղ կառուցվող առանձնատունը նախատեսված է ազատամարտիկ Ռազմիկ Օհանյանի ընտանիքի համար:

Օհանյանների ընտանիքին շնորհավորելու և հիմնարկեքի արարողությանը մասնակցելու նպատակով Խաչիկ գյուղ էին ժամանել նաև Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի անդամներ և այլոք: Հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով և օրհնությամբ, որից հետո Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանը, գյուղի ամբողջ բնակչության անունից, շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին` նշելով, որ Օհանյանների ընտանիքն իրոք արժանի է նման ուշադրության: Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը, կարևորելով սահմանամերձ գյուղերի թե ամուր ու հուսալի պաշտպանությունը և թե բնակիչների համար բարեկեցիկ կյանքի ապահովումը, փաստեց, որ ազգային ազատագրական պայքարի ընթացքում առաջինը սահմանամերձ բնակավայրերն են դարձել այդ պայքարի մասնակիցը. պայքար, որին ակամա ընդգրկվել է ողջ բնակչությունը` իր ուսերի վրա կրելով պատերազմի բոլոր դժվարությունները: Նախարարը խաչիկցիներին վստահեցրեց նաև, որ գյուղի պաշտպանությունն այսօր հուսալի ձեռքերում է. սահմանապահ զինվորները պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ապա Ս.Օհանյանն այցելեց գյուղին հարակից սահմանապահ գումարտակ, որտեղ նախարարին զեկուցեցին գումարտակի շրջանակներում իրականացվող մարտական հերթապահության արդյունքների և առկա խնդիրների մասին: Նախարարը եղավ նաև հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետերից մեկում, զրուցեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ և, իրենց ֆունկցիոնալ պարտականություններին լավագույնս տիրապետող 2 սահմանապահ զինվորների անվանական ժամացույց նվիրեց: Հենակետում Ս.Օհանյանը ծանոթացավ նաև մարտական ծառայության պայմաններին, ինժեներական կառույցներին ու զինատեսակներին: Մարտական դիրքերում զօր ու գիշեր հերթապահություն իրականացնող զինվորներին մաղթելով աչալրջություն և անբասիր ծառայություն, պաշտպանության նախարարն ուղևորվեց մարզում տեղակայված մոտոհրաձգային զորամաս, որտեղ քննարկվեցին ավտոհավաքակայանում մարտական տեխնիկայի պահպանմանը, սպասարկմանն ու շահագործմանն առնչվող խնդիրներ: Ս.Օհանյանի հաջորդ կանգառն Արարատի մարզում տեղակայված զորամասն էր. այստեղ նախարարն այցելեց մարտական հերթապահության նախապատրաստման ավան, տեղում ծանոթացավ կատարված աշխատանքներին, ավանի ուսումնական կետերի դասավորվածությանը և պարապմունքների անցկացման ժամանակացույցին: Այնուհետև, շրջելով զորամասի տարածքով` Ս.Օհանյանն այցելեց նաև ավտոհավաքակայան: Զորամասի հրամանատարը նախարարին ներկայացրեց կատարված շինարարական աշխատանքները, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը: Ս.Օհանյանը նշեց, որ որոշ փոփոխություններ կատարելուց հետո հավաքակայանը կարող է դառնալ օրինակելի:
  • Տարածել