Ս.Օհանյանն ընդունեց ԳԴՀ պատվիրակությանը
18 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնության զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Կուրտ Բերնարդ Նակատի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին ՊՆ վարչական համալիրում` նշելով, որ Գերմանիան ժողովրդավարական արժեքներ և ռազմական ավանդույթներ ունեցող երկիր է և միաժամանակ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ առանցքային երկրներից մեկը, իսկ Հայաստանը, որ ձեռնամուխ է եղել համաեվրոպական չափանիշներով ժողովրդավարական և պաշտպանական բարեփոխումների իրականացմանը, առաջատար փորձի ուսումնասիրման կարիք ունի:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը փաստեց, որ հայ-գերմանական հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակի պայմաններում շարունակում է արդյունավետ զարգացում ապրել նաև համագործակցությունը պաշտպանության և անվտանգության բնագավառում` իր մեջ ներառելով ռազմաբժշկական, խաղաղապահ, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման, զինված ուժերում քաղաքացիական ծառայության, իրավաբանական և պաշտպանական քաղաքականության ոլորտները:
Իր հերթին գեներալ-լեյտենանտ Կ.Բ.Նակատը հավելեց, որ հայ սպաների հետագա ուսուցումը Գերմանիայում արդյունավետ զարգացում կունենա` հույս հայտնելով ռազմաբժշկական ոլորտում համգործակցության խորացման:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև հայ-գերմանա-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքների անցկացմանն առնչվող հարցեր` շարժական հոսպիտալների բացազատման և բժշկական աջակցության կազմակերպման ոլորտում: