ՀՀ ՊՆ և ԿԳՆ համատեղ խորհրդակցություն
23 Մարտի, 2009 00:00Հանրապետությունում ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները որակապես բարելավելու նպատակով ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ցուցումով ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարություններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ:
Այս կապակցությամբ ս.թ. մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու կրթության և գիտության նախարար Սպաարտակ Սեյրանյանի, ինչպես նաև երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ծավալվեցին քննարկումներ ՌՀԴ խնդիրների վերաբերյալ:
Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել այս հարցի ուղղությամբ, մասնավորապես` ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Հանրապետության մի շարք դպրոցներ կցվել են մոտակա զորամասերին, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ դպրոցականների և զինծառայողների միջև: Իսկ ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչներն էլ հանդիպումներ են ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին. խումբ, որում պետք է ընդգրկվեն ներկայացուցիչներ պաշտպանության ու կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություններից:
Իր հերթին, կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանն առաջարկեց աշխատանքային խմբում ներգրավել նաև որոշ դպրոցների տնօրենների և զինղեկների` հաշվի առնելով վերջիններիս երկարամյա աշխատանքային փորձը:
Աշխատանքային խումբը ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ոլորտում կկատարի ուսումնասիրություններ և հանդես կգա այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու առաջարկություններով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև նախնական զինվորական պատրաստության դասավանդմանը, զինղեկների պատրաստման գործընթացին, ռազմամարզական վարժարանների դերին, դպրոցներում համակարգչային հրաձգային դասարաններ կահավորելու և այլ թեմաներին առնչվող հարցեր: