Զորակոչին ընդառաջ
24 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովի, ինչպես նաև երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն` զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման և անցկացման թեմայով:
Բացելով խորհրդակցությունը ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ զինված ուժերի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը վերջինիս համալրման գործընթացն է, որի ուղղությամբ իրականացվող աշխատանքները որակապես բարելավելու անհրաժեշտություն կա:
Զորակոչի ընթացքում զինակոչիկների շրջանում հետազոտություն իրականացնող բուժհանձնաժողովները պետք է առավել հետևողական և մանրակրկիտ աշխատանք կատարեն` բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը ազգային բանակ:
Առողջապահության նախարար Հ.Քուշկյանն էլ նշեց, որ բուժհանձնաժողովների կազմում կադրային բարեփոխումներ են իրականացվելու և պատրաստակամություն հայտնեց զորակոչի ընթացքում առաջացող խնդիրների լուծման գործում: Հ.Քուշկյանն ընդգծեց նաև, որ հանձնաժողովներում ներգրավված յուրաքանչյուր բժիշկ պետք է ամենայն լրջությամբ մոտենա իր գործին` պատասխանատվություն կրելով իր կողմից տրվող ախտորոշման համար:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովն իր ելույթում փաստեց, որ բուժհետազոտության հետ կապված լրացուցիչ խնդիրներից խուսափելու նպատակով երկուստեք հսկողություն պետք է սահմանվի բժշկական հանձնաժողովների նկատմամբ, ինչը կնպաստի զորակոչի գործընթացն առավել սահուն և արդյունավետ իրականացնելուն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև բժշկական կադրերի պատրաստմանը և կադրային փոփոխություններին, մարզային բուժհանձնաժովներն անհրաժեշտ թվաքանակով մասնագետների ապահովմանն ու վերապատրաստմանը, բուժսարքավորումների թարմացմանը, նախազորակոչային տարիքի երիտասարդների անվճար բուժմանը և զորակոչին առնչվող այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ բարձրացված բոլոր հարցերի և առաջարկությունների վերաբերյալ կկայացվեն համապատասխան որոշումներ: