Հանդիպում օտարերկրյա լրագրողների հետ
25 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՙԵվրոպական Հարևանության Լրագրողական Ցանց՚ ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Մերձավոր Արևելքի պետությունների լրագրողներին:
Նշենք, որ վերջիններիս` Հայաստան այցի նպատական է Արևելյան Եվրոպայի ու Միջերկրածովյան տարածաշրջանի լրագրողների համար ուսումնական և փորձի փոխանակման հնարավորություններ ստեղծելը, ինչպես նաև իրազեկության բարձրացումը Եվրոպական Հարևանության քաղաքականության (ԵՀՔ) երկրներում` Եվրամիության և գործընկեր երկրների հետ կառույցի հարաբերությունների հարցում, այդ երկրներում խոսքի ազատության ու լրատվական դաշտի զարգացմանը նպաստելը:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին ՊՆ վարչական համալիրում` հակիրճ ներկայացնելով որոշ մանրամասներ ՀՀ զինված ուժերի կազմավորման` ինչպես պատերազմի, այնպես էլ ետպատերազմյան շրջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Լրագրողներին ուղղված իր խոսքում Ս.Օհանյանը կարևորեց վերջիններիս կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները` ղարաբաղյան հակամարտության մասին նյութեր պատրաստելու ուղղությամբ:
Այնուհետև Ս.Օհանյանը պատասխանեց օտարերկրյա լրագրողների հարցերին. հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրությանը, Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին, Հայաստանի համագործակցությանը օտարերկյա պետությունների հետ և նմանաբնույթ այլ հարցեր, որոնց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը տվեց սպառիչ պատասխաններ: