«Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրը 7 տարեկան է
28 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղեկցությամբ, այցելեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր` մասնակցելու կրթահամալիրի 7-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաև բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:
Ողջունելով ներկաներին, ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը նշեց, որ «Փոքր Մհերը» յուրօրինակ կրթօջախ է, որտեղ դաստիարակվում է հայրենասեր սերունդ. սերունդ, որը հետագայում իր արժանի տեղը կգտնի հասարակական կյանքում:
Ապա մարտական վարժանքների ցուցադրմամբ ելույթ ունեցան կրթահամալիրի սաները, որից հետո միջոցառման մասնակիցներն ունկնդրեցին ճանաչված երգիչ-երգչուհիների կատարումները:
Այնուհետև հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան սաների սոցիալ-կենցաղային և ուսումնառության պայմաններին. եղան նաև գրադարանում, հետաքրքրվեցին, թե ինչպիսի գրականություն են նախընտրում սաները. պատասխանը մեկն էր` հայրենասիրական:
Այսպիսով պետք է փաստել, որ այստեղ կրթվում և դաստիարակվում է այն սերունդը, որն իր հայրենասիրությամբ, պատրաստակամությամբ և ռազմական գործին արդեն իսկ որոշ չափով տիրապետելու ունակություններով վաղը դառնալու է մեր երկրի անվտանգության երաշխավորը: