Ս.Օհանյանն այցելեց Տավուշի մարզ
1 Ապրիլի, 2009 00:00Ս.թ. մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ Տավուշի մարզ: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը:
Առաջին գծից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղևորվեց Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղ: Պաշտպանության նախարարության և Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ գյուղում արդեն ավարտին են մոտենում ազատամարտիկներ Արտավազդ Բեջանյանի և Սահակ Ղազարյանի ընտանիքների համար նախատեսված առանձնատների կառուցման աշխատանքները:
Այստեղ, Սեյրան Օհանյանը, շնորհավորելով ազատամարտիկների ընտանիքներին, ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին և նշեց, որ շուտով առանձնատները լիովին պատրաստ վիճակում կհանձնվեն տերերին:
Այնուհետև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց մարզի սահմանամերձ մեկ այլ գյուղ` Բարեկամավան, որտեղ նրան դիմավորեցին ավանդական աղ ու հացով, երգ ու պարով:
Առանձնատների կառուցման ծրագրում ընդգրկված է նաև բարեկամավանցի, ազատամարտիկ Արայիկ Աբազյանը, որի համար կառուցվելիք առանձնատան հիմնարկեքի արարողությանն էլ մասնակցեց Ս.Օհանյանը: Շնորհավորելով Աբազյանների ընտանիքին, նախարարը նրանց մաղթեց` տան հիմքի և օջախի ամրություն:
Հիմնարկեքի արարողությունից հետո պաշտպանության նախարարը հանդիպեց գյուղացիների հետ, զրուցեց, լսեց նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Բարեկամավանցիներին նախարարը վստահեցրեց, որ այսօր գյուղի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է և համապատասխան աշխատանքներ են տարվում այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Գյուղացիներն էլ իրենց հերթին փաստեցին, որ անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են կանգնելու զինվորի կողքին և պաշտպանելու հայրենիքի սահմանները:
Հրաժեշտ տալով բարեկամավանցիներին` Սեյրան Օհանյանն ուղևորվեց տարածաշրջանում տեղակայված պայմանագրայինների գումարտակ, որտեղ նախարարին ներկայացվեցին գումարտակի խնդիրները, անձնակազմի համալրվածությունը և իրականացվող մարտական հերթապահության արդյունքները:
Նախարարի հաջորդ կանգառը մարզում տեղակայված հրետանային դիվիզիոնն էր. շրջելով դիվիզիոնի տարածքում, Սեյրան Օհանյանը եղավ զորանոցներում, տեղում ծանոթացավ հրետանավորների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմաններին:
Ապա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց նաև մարզում տեղակայված մեկ այլ զորամաս, որտեղ զրուցեց զինվորների հետ. իրենց պարտականությունները լավագույնս տիրապետող զինվորներին նախարարը նվիրեց անվանական ժամացույցներ: