ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները

16 Դեկտեմբերի, 2025 12:55
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության  նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ներկայացուցիչները։

Դեկտեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։

Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանրային կապերի և իրազեկման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։

Կողմերը կարևորել են մասնագիտական կապերի խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։

Այցի շրջանակում Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, շրջայց կատարել, ծանոթացել կրթական ծրագրերին, ուսումնական լսարաններին։

  • Տարածել