Կլոր սեղան – քննարկումներ Պաշտպանության նախարարությունում

9 Ապրիլի, 2009 00:00
Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության համալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Զինծառայողների իրավունքները և հիմնարար ազատությունները» խորագրով ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը մշակվել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ու Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի կողմից:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց. «Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, պարոն Սերգեյ Կապինոսին և նրա անձնակազմին` «Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները Զինված ուժերի անձնակազմի համար» ձեռնարկը Հայաստանում նպատակաուղղված կերպով ներկայացնելու այս ջանքի համար: Այսօր, երբ Հայաստանում համապետական բարեփոխումների համատեքստում իրականացվում են անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխումներ, որոնք ուղղված են նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, նման միջոցառումները հատկապես մեծ կարևորություն են ստանում: Դրանք դառնում են առավել կոնկրետ ու հասարական և պետական մարմինների կողմից պահանջ վայելող: Զինված ուժերի ժողովրդավարական և հասարակական վերահսկման մեխանիզմների զարգացումը, հանդիսանալով համապետական առաջընթացի մաս, առաջ է բերում գործող մեխանիզմների վերանայման ու կատարելագործման անհրաժեշտություն: Դրանք բխում են բանակի շահերից, քանի որ կարող են մեծապես ամրապնդել զինված ուժերի ժողովրդականությունը, հեղինակությունն ու վստահությունը, ինչը երկրի պաշտպանունակության կարևոր գործոններից մեկն է: Խոսելով Զինված ուժերի մասին, փաստ է, որ այն հանդիսանում է մեր պետության և հասարակության անքակտելի մասը, և հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում Զինված ուժերի համալրման մի զգալի մասը կատարվում է զորակոչի միջոցով, այն հանդիսանում է Հայաստանի արական սեռի քաղաքացիների մոտ հայրենասիրության և պատասխանատվության ձևավորման կարևոր դարբնոց: Այս պարագայում զիծառայողների, օրենքով սահմանված, իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը կարող է ուղղակիորեն նպաստել մի շարք այլ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են բանակ-հասարակություն կապը, զորակոչի անցկացման դյուրացումը, ավելի արդյունավետ մարտական պատրաստության գործընթացը զինված ուժերում, հրամանատարական կազմի կողմից մարտական խնդիրների վրա կենտրոնանալու ժամանակի հասանելիությունը և այլն: Այս մեխանիզմների ամրապնդման գործում կարևորում եմ «ՀՀ Զինվորական կարգապական կանոնադրության» վերանայմանն ուղղված աշխատանքները, դրա առավել համապատասխանեցումը ինչպես միջազգային չափանիշներին ու նորմերին, այնպես էլ մեր ժողովրդի առանձնահատկություններին, իհարկե ոչ ի հաշիվ զինվորական կարգապահության պահանջների: Անցյալ ամիս իմ հանձնարարությամբ ձևավորվել է ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մի քանի վարչությունների փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որն այս տարվա ընթացքում կմշակի կանոնադրության նոր նախագիծ` այն մինչև 2010թ. հունվարի վերջ ՀՀ Կառավարությանը, իսկ այնուհետև ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով: Կանոնադրությունը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց հետո կունենա օրենքի ուժ, և կհամապատասխանի պաշտպանական ոլորտի ընդհանուր բարեփոխումների տրամաբանությանը, բավարար չափով կապահովի զինված ուժերում զինծառայողների փոխհարաբերությունների արդարացի և իրատեսական կարգավորում: Այս առումով այսօր ներկայացվելիք ձեռնարկում օգտակար եմ համարում Եվրոատլանտյան տարածաշրջանի տարբեր երկրների փորձի ներկայացումը, և կարծում եմ, որ այն կօժանդակի նաև այս աշխատանքային խմբի անդամներին: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը նույնպես նպաստ կբերի զինծառայողների փոխհարաբերությունների կարգավորման և նրանց իրավունքների պաշտպանության գործին: Խորհրդի և պաշտպանության նախարարության հարաբերությունները կանոնակարգող փաստաթուղթն այս տարվա ընթացքում պատրաստ կլինի, որից հետո այն լիրաժեք կանցնի իր գործունեության իրականացմանը: Կարծում եմ, որ խորհուրդը, լինելով անկախ մարմին, կմշակի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բոլորովին նոր աշխատաոճ և հասարակության ազդեցությունը Զինված ուժերի վրա կբարձրացնի նոր մակարդակի: Հայաստանում ժողովրդավարական վերահսկողության համեմատաբար նոր ինստիտուտ հանդիսացող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը տարածվում է նաև զինված ուժերի վրա: Կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը լրացուցիչ լծակ կհանդիսանա զինծառայողների և նրանց ընտանիքների մտահոգություններին տեղեկանալու և դրանց լուծումներ տալու գործում: Մարդու իրավունքների պաշտպանի հաճախակի այցելությունները զորամասեր ողջունելի են, և չնայած արձագանքումը կոնկրետ դեպքերին շարունակում է մնալ առաջնահերթություն, պարզ է, որ անհրաժեշտ են համալիր լուծումներ: Եվ այդ առումով ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների այցերի ընթացքում կատարված դիտարկումները մեծապես կնպաստեն առկա խնդիրների հայեցակարգային լուծմանը: Հայեցակարգային լուծումների թվին կարելի է դասել մարդու իրավունքներին վերաբերող ուսումնական ծրագրերի կիրառումը զինված ուժերի ամբողջ անձնակազմի համար: Նման ծրագրեր առկա են, սակայն դրանք թարմացման անհրաժեշտություն ունեն, թարմացում, որը պետք է արտացոլի յուրաքանչյուր նոր դրական կամ բացասական զարգացում: Նման ծրագրերը ոչ միայն կնպաստեն բարձրացնել զինծառայողների իրազեկությունը, այլ նաև կձևավորեն զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող նոր մասնագիտական մշակույթ: Անձնակազմի կարգապահությունն ու բարոյահոգեբանական վիճակը ուղղակիորեն փոխկապակցված են օրենքով սահմանված իրավունքների ու պարտականությունների ճիշտ հավասարակշռման հետ: Այստեղ ներկա գտնվող բոլոր զինվորականներն էլ քաջատեղյակ են «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքին», սակայն ցանկանում եմ ընդգծել, որ առկա իրավական կարգավորումները, թեև ապահովում են այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն զինծառայողների փոխհարաբերությունները, սակայն տարբեր պրակտիկ ձեռնարկները, այդ թվում այսօր ներկայացվողը, ընթերցողի հետ խոսելով այլ` կոնկրետ օրինակների լեզվով, կարող է օժանդակել խնդիրների լուծման նորարարական մոտեցումների ձևավորմանը: Մեկ բան պարզ է. մեր բարեփոխումների ուղին, որը տանում է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայել կարողացող պետության զարգացման, ներառում է առաջին հերթին 21-րդ դարի մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը, և մեր բանակի զարգացման ու արդիականացման համար այլ տարբերակ չկա, քան նախևառաջ պաշտպանել 21-րդ դարի հայաստանցի զինծառայողի իրավունքները: Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին` այս միջոցառմանը շահագրգիռ մասնակցություն ցուցաբերելու համար: Հուսով եմ, որ միջոցառումը կանցնի աշխատանքային կառուցողական մթնոլորտում: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը իր խոսքում նշեց, որ ԵԱՀԿ գրասենյակի առաջնահերթություններից է համագործակցությունն իշխանությունների հետ` զինծառայողների` մարդու իրավունքները առավելագույնս պաշտպանելու ուղղությամբ: ԵԱՀԿ գրասենյակն օժանդակել է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման նախաձեռնություններին` երկրի անվտանգության ոլորտի բարեփոխման աջակցության շրջանակներում: Շնորհանդեսին հաջորդած կլոր սեղանի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ պետական կառավարման համապատասխան մարմինների, ինչպես նաև հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների փորձագետները քննարկել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պրակտիկան և նոր մեխանիզմների ու համապատասխան ուսումնական ծրագրերի ներդրման հարցեր: Միջոցառման ավարտին` շնորհակալություն հայտնելով ներկաներին արդյունավետ և կառուցողական աշխատանքի, հետաքրքիր և համընդգրկուն ելույթների համար, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավելեց. «Վերջին տարիներին բավականին աշխատանք է իրականացվել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդման ուղղությամբ, բայց ես այն կարծիքին չեմ, որ այս առումով զինված ուժերում այսօր անելիքներ չկան: Սակայն դրանք ունեն նաև որոշակի օբյեկտիվ պատճառներ: Բանակը հասարակության մի մասնիկն է և չի կարող զարգանալ նրանից անկախ: Այն հասարակության կոնսոլիդացված հատվածն է, որտեղ առավել խտացված գույներով են արտահայտվում հասարակությունում առկա արատավոր երևույթները: Ուստի մարդու իրավունքների պաշտպանության հարցում բանակում տիրող վիճակը բխում է հասարակության իրավագիտակցության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ինչու չէ, նաև կրթական մակարդակից: Այս առումով խնդիրը պետք է դիտարկել ընդհանուր համապետական բարեփոխումների համատեքստում, ինչը և արվում է ՀՀ իշխանությունների կողմից: Այսպիսի քննարկումները և ձեռնարկների հրապարակումները կարևոր նշանակություն ունեն զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար, քանի որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումից զատ, դրանք նաև կրթական խնդիր են լուծում: Հավատացնում եմ, որ այս հարցում ամենից շահագրգիռ կողմը պաշտպանության նախարարությունն է, քանի որ արդարության, իրավահավասարության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն անմիջականորեն ազդում են զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի և մարտունակության վրա: Մենք պատրաստ ենք այս ուղղությամբ շարունակել համագործակցությունը և ԵԱՀԿ-ի, և մյուս միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ: Ի վերջո մեր բոլորիս շահերից է բխում ունենալ մարտունակ, ժամանակակից և առողջ բարոյահոգեբանական վիճակում գտնվող զինված ուժեր, որը կոչված է պաշտպանելու մեր իսկ անվտանգությունը: Վերջում կրկին անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին: Հուսով եմ` հետագայում նույնպես առիթներ կստեղծվեն նմանատիպ խնդիրները համատեղ քննարկելու համար»:
  • Տարածել