ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2009թ. Ամանորյա շնորհավորական ուղերձը

31 Դեկտեմբերի, 2008 00:00
Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հարգելի ազատամարտիկներ և հայրենիքի սուրբ նահատակների մերձավորներ, սիրելի հայրենակիցներ: Ամանորը և սբ. Ծնունդն այն հիասքանչ տոներն են, որ համակում են մարդկանց սրտերն անհուն լավատեսությամբ, մղում նրանց ավելի ջերմ հայացքով նայել ապագային: Այն, ինչ կատարվել է ընթացիկ տարում` անցյալ է այլևս. մարդիկ նայում են առաջ` նոր հորիզոն նշմարելու, նոր բարձունքներ հաղթահարելու ակնկալիքով` ինչն էլ հանդիսանում է կյանքի բնականոն ընթացքը:

Ժամանակի հորձանուտում իր ուրույն կյանքով է ապրում հայոց բանակը: Այն ունի ձգտումներ` անվերջ նորանալու, լինելու արդիական, մարտունակ, ֆիզիկապես և բարոյապես կատարյալ: 2008թ.-ին շարունակել ենք մեր նպաստը բերել միջազգային անվտանգության ապահովման գործընթացներին, ապացուցել, որ զուր չեն եղել պետության ծախսերը բանակի հանդերձավորման, սպառազինության արդիականացման ուղղությամբ: Անցնող տարում բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները, կառուցվել են նոր, հարմարավետ զորանոցներ, զինծառայողներին է հանձնվել շուրջ 734 ծառայողական բնակարան: Զոհված, անօթևան, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողներին` բնակարան ձեռք բերելու համար հատկացվել է 3 միլիարդ դրամ փոխհատուցում, Համահայկական միջազգային երիտասարդական կազմակերպության հետ համատեղ զոհված և հաշմանդամ դարձած, ինչպես նաև սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին է հանձնվել նորակառույց 10 առանձնատուն: Ծրագրերը շարունակական բնույթ են կրում: 2008-ին ընդունվեց «Պաշտպանության մասին» նոր օրենքը, որը հիմք կհանդիսանա աշխարհի առաջատար բանակների հետ համահունչ քայլելու, բանակի մարտունակության բարձրացմանն ու զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանն ուղղված բարեփոխումները լավագույնս իրականացնելու համար: Բանակը, ճիշտ է, հավաքական մարմին է, սակայն այն բաղկացած է առանձին անհատներից, քանզի ամեն սպա, ամեն զինվոր մի ճակատագիր է, մի տան ճրագ, որոնց մասին և հոգում ենք: Անկեղծորեն խոստովանենք, որ զգալի ջանք է պահանջվում սոցիալական տարբեր շերտերից սերող, տարբեր բարքեր ու ձգտումներ դրսևորող, ֆիզիկական անհավասար կարողություններ ունեցող երիտասարդներին հավաքել բարոյականության մեկ հարկի տակ: Դա ինչ խոսք, մեզ հաջողվում է, ինչի վկայությունն է մեր բանակի դիմագիծը. ծառայությունը բանակում դառնում է պատվաբեր և ցանկալի: Էապես փոխվել է հասարակության վերաբերմունքը բանակի հանդեպ, ինչի մասին են վկայում օրեցօր ամրապնդվող բանակ-հասարակություն կապը, բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Արձանագրված հաջողություններին զուգընթաց, այնուամենայնիվ բանակում դեռևս կան բացթողումներ, թերություններ, որոնց վերացմանն են ուղղված համակարգի ողջ անձնակազմի ջանքերը: Ցավոք, ընթացիկ տարում ևս ունեցել ենք կորուստներ, որոնց համար խորապես ցավ ենք ապրում և վշտում: Ամանորի այս նախաշեմին մեր ժողովուրդը տոնական ցնծության մեջ է և երջանկություն է մտածել, որ այդ խաղաղությունը, անդորրը հսկում է մեր բանակը. ուժեղ, մարտունակ, բարոյական բարձր չափանիշների վրա հիմնված, հասարակության վստահությունն ու հարգանքը վայելող բանակ, որը գրավականն է այդ խաղաղության£ Մենք պարտադրված ենք լինել ուժեղ, զգոն. այդպիսին է ճակատագրի թելադրանքը: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայորդի£ Սիրելի հայրենակիցներ, առանձնակի երախտագիտությամբ ուզում եմ արժանին մատուցել նրանց, ովքեր նահատակվեցին հանուն այս օրվա և ովքեր իրավունք չեն տվել մեզ հետագայում սխալվելու: Հավերժություն նրանց հոգիներին: Արժանին պետք է մատուցել նաև անհայտ կորած մեր ընկերներին, որոնց վերադարձին սպասում ենք նրանց ընտանիքների հետ: Վստահեցնում եմ, որ ազգի հերոսների ոգով է դաստիարակվում այսօրվա զինվորը: Ամանորի առթիվ, առաջին հերթին, շնորհավորում եմ այն զինվորներին ու սպաներին, ովքեր այս պահին խրամատներում հսկում են մեր անդորրը: Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ, ազատամարտի սիրելի վետերաններ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին, մաղթում, որ գալիք տարում մեզ ուղեկցի հաջողությունը, երջանկությունն ու բարեկեցությունը, ցանկանում եմ, որ նոր` 2009 թվականին առիթ չլինի հանուն հայրենյաց կենաց ու մահու պայքար մղելու: Թող երկրում լինի կայունություն, խաղաղություն և թող ձեր ուժն ու եռանդն ուղղվեն մարտական պատրաստությանը, իսկ քաջությունն ու հմտությունը դրսևորվեն միայն զորավարժարաններում: Եղեք հոգատար ենթակաների ու ծառայակից ընկերների հանդեպ: Բարի ծառայություն: Շնորհավոր Ամանոր և սբ. Ծնունդ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
  • Տարածել