Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ

20 Դեկտեմբերի, 2024 20:00
Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների ապահովման գործընթացում՝ վստահեցնելով, որ կառավարությունն ամեն կերպ նպաստելու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջնային է որակել ոլորտի զարգացման կարևորությունը, հաստատել արդյունաբերության կողքին նախարարության՝ հետևողական կանգնած լինելու և խնդիրների լուծմանը հետամուտ լինելու փաստն ու այդ համատեքստում կարևորել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նման բաց ու թափանցիկ աշխատանքային քննարկումներ ունենալը և դրանք պարբերական դարձնելը:

Ոլորտի պատասխանատուներն ու առանձին ընկերությունների տնօրենները խոսել են կատարված աշխատանքների, գրանցած արդյունքների և հաջորդ տարվա անելիքների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

  • Տարածել