ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

21 Մայիսի, 2009 00:00
Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները` դեսպանների մակարդակով: Նիստից առաջ կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքի վերաբերյալ և նախանշեցին հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ընթացիկ հարցերը, ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտի մի շարք խնդիրներ: Ելույթներով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքը, այդ թվում` պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, կադրերի կառավարման, պաշտպանության համակարգում քաղաքացիական տարրի ներդրման և ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման խնդիրները, ռազմակրթական ոլորտների բարեփոխումները, ՀՀ խաղաղապահ բրիգադի համալրման ընթացքը, միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության ընդլայնման հեռանկարները և այլն: Ս. Օհանյանը կարևորեց տարածաշրջանի բոլոր պետությունների կողմից պաշտպանության ոլորտի բարեփոխումների զուգահեռ և համաչափ իրականացման անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանն իր ելույթում հիմնականում անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության քաղաքական ասպեկտներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերություններին և արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքին: Կարևորվեց տարածաշրջանում փոխվստահության, կայունության և անվտանգության հաստատման անհրաժեշտությունը: Այնուհետև ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք խնդիրներ, վերահաստատվեցին այդ ուղղությամբ Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տեսակետները:
  • Տարածել