Վերջին զանգ
23 Մայիսի, 2009 00:00Ինչպես հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում, այնպես էլ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր ազդարարվեց 2008-2009թթ. ուսումնական տարվա ավարտը: Վարժարանի շրջանավարտներին շնորհավորելու և նրանց վերջին զանգի արարողությանը մասնակցելու նպատակով կրթօջախ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին և մաղթելով բարի երթ՝ Ս. Օհանյանը նշեց, որ վարժարանում ձեռք բերած գիտելիքներն ու փորձառությունը կօգնեն արժանապատվորեն հաղթահարելու կյանքի ամեն մի դժվարություն: Նախարարը նաև հույս հայտնեց, որ նրանցից շատերը հետագայում կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև այլ ելույթներ, շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր՝ ուղղված մանկավարժական կազմին:
Ուրախալի է, որ վարժարանի 63 շրջանավարտներից 59-ը ցանկություն են հայտնել շարունակելու իրենց ուսումը Հայաստանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում: Ընդ որում շրջանավարտ-սաների՝ լեռնային պատրաստությունից ու մարտավարությունից ցուցադրած ելույթները փաստում են, որ մոնթեականներն արդեն որոշակիորեն տիրապետում են ռազմական գործին: Վերջին զանգի արարողությանը նախապատրաստվելու ժամանակ՝ վարժանքներից մեկի ընթացքում, ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու և ընկերոջ կյանքը փրկելու համար վարժարանի սան Մեսրոպ Մկրտչյանին Սեյրան Օհանյանը պարգևատրեց «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով:
Սեյրան Օհանյանը այցելեց նաև Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղ: Մինչ գյուղի հարազատ դպրոցի շրջանավարտներին շնորհավորելը, պաշտպանության նախարարը ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմում և արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Շնորհավորելով և կանաչ ճանապարհ մաղթելով դպրոցի հերթական շրջանավարտներին, նախարարը կարևորեց բանակ-դպրոց կապն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ նշելով, որ ամեն ինչ սկսվում է դպրոցից: Հետագայում հաջողությունների հասնելու համար յուրաքանչյուր ոք առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնի ուսուցիչներին, ովքեր կրթում, դաստիարակում և գիտելիքներով զինելով՝ մեծ կյանք են ճանապարհում պատանիներին: Այնուհետև Սեյրան Օհանյանը 1979թ. շրջանավարտների անունից հուշագրեր ու նվերներ հանձնեց աշակերտներին և դպրոցին: