Ընթանում է գարնանային զորակոչը
25 Մայիսի, 2009 00:00
Հավաքակայանում գլխավոր շտաբի պետը զրուցեց նաև զինակոչիկների հետ, հետաքրքրվեց նրանց ծառայության մեկնելու պատրաստակամությամբ: Այցի շրջանակում գեներալ-գնդապետը եղավ բուժսենյակներում: Բժշկական հանձնաժողովի մասնագետները ներկայացրեցին բուժզննման արդյունքները զինակոչիկների առողջական վիճակի մասին:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Յուրի Խաչատուրովը նշեց, որ զորակոչն ընթանում է առանց խոչընդոտների, թե զինկոմիսարիատները, թե հանրապետական հավաքակայանի անձնակազմը և թե զորակոչով զբաղվող մյուս կառույցները բարեխղճորեն են կատարում իրենց առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում ազգային բանակն արդեն համալրվել է 30 տոկոսով: Անդրադառնալով տարածված ստահոդ լուրերին այն մասին, որ իբրև թե զինակոչիկները մինչ բանակ մեկնելը իմանում են իրենց ծառայության վայրը՝ գլխավոր շտաբի պետը նշեց, որ դա որոշվում է միայն հանրապետական հավաքակայանում գործող հանձնաժողովի կողմից: Զորակոչի շրջանակներում օրենքը խախտողները կպատժվեն ամենայն խստությամբ:
Հիշեցնենք նաև, որ գլխավոր շտաբում գործում է զորակոչի հարցերով թեժ գիծ և քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերի, նկատված թերությունների, բացթողումների և խախտումների մասին կարող են անմիջապես զանգահարել 661700 հեռախոսահամարով:
