Մայիսի 28՝ Հանրապետության տոն

29 Մայիսի, 2009 00:00
91 տարի առաջ` 1918 թվականին, հայ ժողովուրդը, դիմակայելով թշնամու հարձակումներին, կարողացավ իրականացնել իր նվիրական երազանքը` վերականգնելով անկախ պետականությունը: Այն վերածնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր ժողովրդի կերտած արժանապատիվ հաղթանակներից:












Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 91-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Հերոսամարտում նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրապետական աղոթք հղեց և նահատակների հիշատակին կանգնեցված հուշակոթողին դրվեցին ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն` Սարդարապատի հուշահամալիր էին այցելել նաև բազմաթիվ հյուրեր հանրապետության մարզերից, մայրաքաղաքից, սփյուռքից և արտերկրից: Իսկ տոնակատարության մասնակիցների համար Արմավիրի մարզի բնակիչների կողմից կազմակերպված հյուրասիրությունը, ավանդական կերակրատեսակները, գյուղագործական իրերն ու պարագաները ներկայացնում էին նախորդ դարասկզբին ապրած, հաղթանակ ու պետականություն կերտած հայի ազգային նկարագիրը: Ապրել են, արարել, այս հաղթական վայրում թշնամու դեմ կողք կողքի պատերազմ մղել զորականն ու մտավորականը, ռամիկը, շինականն ու հոգևորականը: Տոնակատարությունն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով: Ելույթներ ունեցան ՊՆ Սպայի տան «Զորական» և «Սարդարապատ» համույթները, Պարի պետական անսամբլը և այլ խմբեր ու կատարողներ: Այնուհետև հյուրերն այցելեցին Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան, որտեղ բացվել էր պետական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցահանդես: Ցուցանմուշների շարքում հատկապես առանձնանում էին Արամ Մանուկյանի անձնական իրերը, հուշագրություններն ու լուսանկարները: Մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի պատմության ամենահիշարժան էջերից են, սրբագործված մեր ոգեղեն նախնիների հերոսականությամբ և ազատատենչ ոգու սլացքով:
  • Տարածել