Պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ

2 Հունիսի, 2009 00:00
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար հունիսի 2-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց ազգային բանակի ժամկետային զինծառայողներ՝ ավագ սերժանտներ Մհեր Հովհաննեսի Անդրեասյանին, Դավիթ Զալիկի Մնացականյանին և կրտսեր սերժանտ Արա Վահեի Վարդանյանին: Շնորհավորելով պարգևատրման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ Մհերի, Դավիթի ու Արայի սխրանքով ու քաջագործությամբ պետք է հպարտանա ոչ միայն բանակի հրամանատարությունը, այլև՝ նրանց ծնողներն ու հարազատները:

Նախարարը նաև փաստեց, որ լինում են դեպքեր, երբ զինվորները ոչ պատշաճ վերաբերմունք են դրսևորում ծառայության նկատմամբ, զորամասը ինքնակամ լքելու հետևանքով շփոթվում և հայտնվում են հակառակորդի տարածքում: Կամ էլ խուսափում են հայրենիքի պաշտպան լինելուց: Իսկ Մհերի, Դավիթի ու Արայի կամքն ու վճռականությունը, ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվությունը և նվիրվածությունը պետք է համապատասխան օրինակ հանդիսանա յուրաքանչյուր զինվորի համար: Ավագ սերժանտ Մհեր Անդրեասյանը, մարտական հենակետերի խափանված կապը վերականգնելու հրաման ստանալով, ծառայակից ընկերների հետ շարժվում է նշված հենակետերի ուղղությամբ: Հանկարծահաս ձյունախառն մրրիկն ու թանձր մառախուղը րոպեների ընթացքում ամբողջովին փակում են նրանց տեսադաշտը: Գնահատելով դրության լրջությունը՝ Մհերը, քաջալերելով և ոգևորելով ընկերներին, նրանց հետ շարունակել է առաջադրանքի կատարումը: Բարդ ու դժվարին պայմաններում վերականգնելով մարտական հենակետերի կապը՝ նրանք անվնաս վերադառնում են զորամաս: Ավագ սերժանտ Դավիթ Մնացականյանը հակառակորդի խոշոր տրամաչափի գնդացիրների, մոտ 40 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակի ժամանակ, առանց երկնչելու, ճիշտ կողմնորոշվելով, անձնակազմին արագորեն մտցրել է թաքստոցները, իսկ ինքը դիտորդի հետ անցել է մի դիտակետից մյուսը: Ավելի ուշ Դավիթը մենահատ կրակով վերացրել է 50 մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի գետնատնակից կասկածելի երևացող լույսը, որից հետո, անմիջապես տագնապ հայտարարելով, ամենքին տեղավորել է իրենց կրակակետերում և մոտ 3 ժամ անընդհատ տեղից տեղ շրջելով՝ քաջալերել, ոգևորել է անձնակազմին՝ վերացնելով ընկերների լարվածությունը: Իսկ Արա Վարդանյանը մարտական դիրքերում փրկել է ծառայակից ընկերոջ կյանքը, որը վիրավորվել էր ընդհանուր կացարանի ուղղությամբ հակառակորդի բացած կրակահերթից: Արան, առանց խուճապի մատնվելու, քաջալերելով մյուսներին, արագ կողմնորոշվել է և ցույց տալով առաջին անհրաժեշտության բուժօգնություն՝ դադարեցրել է վիրավորի արյունահոսությունը, կատարել համապատասխան ներարկումներ:
  • Տարածել