Կոսովո է մեկնում հայ խաղաղապահների հերթական զորախումբը

16 Հունիսի, 2009 00:00
Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրում տեղի ունեցավ հայ խաղաղապահների հերթական՝ 11-րդ հերթափոխի Կոսովո ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, բրիգադի անձնակազմն ու նրանց հարազատները:

Բարի ճանապարհ և խաղաղ ծառայություն մաղթելով մեկնող զորախմբի անձնակազմին՝ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը նշեց, որ առաքելության մեկնող զինծառայողները մշտապես պետք է գիտակցեն, որ մեկնում են բարի գործ կատարելու, տեղի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հավաստիացրեց հայ զինծառայողներին, որ միջազգային խաղաղարար առաքելություն իրականացնելիս նրանք մշտապես գտնվելու են Հայաստանի Հանրապետության հոգածության ներքո: Այս կարևորագույն գործում մեր խաղաղապահներին մաղթում ենք բարի ու անվտանգ ծառայություն, միաժամանակ համոզված ենք, որ ինչպես նախորդ հերթափոխերի, այնպես էլ այս անգամ, նրանք հայրենիք կվերադառնան միջազգային ասպարեզում հայ խաղաղապահի բարի համբավն ու պատիվը բարձր պահած:
  • Տարածել