Առանձնատներ զոհված ազատամարտիկների ընտանիքներին

1 Հուլիսի, 2009 00:00
Շարունակվում է պաշտպանության նախարարության և համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար առանձնատների կառուցման ծրագիրը: Եվ ահա, հունիսի 30-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցավ հերթական առանձնատան բացման արարողությունը:

Առանձնատունը կառուցվել է զոհված ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի ընտանիքի համար: Շնորհավորելով բնակարանամուտը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատամարտիկի այրի Լուսինե Բարությանին հանձնեց առանձնատան վկայագիրն ու բանալին: ՊՆ-ի և ՀՄԵԿ-ի նախաձեռնությամբ նույն գյուղում հիմնովին վերանորոգվել է նաև Ռոբերտ Միրզոյանի տունը, որի որդին՝ Գեղամ Սերգոյանը 2007թ.-ին զոհվել է ժամկետային ծառայության ժամանակ: Շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և կատարված աշխատանքի համար՝ Ռ. Միրզոյանն ասաց, որ, չնայած կորստի անդառնալիությանը, ինքը սփոփվում է այն փաստով, որ որդին զոհվել է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս: Սեյրան Օհանյանն էլ հավաստեց, որ հանուն հայրենիքի զոհված տղաների հարազատները մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում:
  • Տարածել