Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում

28 Հունիսի, 2009 00:00
Ս.թ. հունիսի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Տավուշի մարզ: Շրջայցի ընթացքում նրան ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը, զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրամանատարներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ եղավ հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետերից մեկում, ծանոթացավ սահմանապահների կենցաղային պայմաններին և դիրքերի ամրաշինական կառույցներին: Զրուցելով սահմանապահ զինվորների հետ և հետաքրքրվելով նրանց ծառայողական խնդիրներով, իրենց պարտականությունները լավագույնս իմացող զինվորներին նախարարը նվիրեց անվանական ժամացույցներ: Առաջին գծից Սեյրան Օհանյանն ուղևորվեց մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղ, մասնակցեց ՊՆ և ՀՄԵԿ-ի նախաձեռնությամբ ազատամարտիկ Արայիկ Աբազյանի ընտանիքի համար գյուղում կառուցված առանձնատան բացման արարողությանը: Շնորհավորելով Աբազյանների ընտանիքին՝ պաշտպանության նախարարը նրանց մաղթեց ընտանեկան երջանկություն ու ջերմություն: Բարեկամավան գյուղի մի շարք ազատամարտիկների հանձնվեց «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներ: Այնուհետև նախարարն այցելեց մարզի մեկ այլ սահմանամերձ գյուղ՝ Կոթի: Այստեղ առանձնատներ են կառուցվել ազատամարտիկներ Արտավազդ Բեջանյանի և Սահակ Ղազարյանի ընտանիքների համար: Այստեղ էլ իշխում էր բարձր ու տոնական տրամադրությունը: Սահմանների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար Կոթիի մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով: Շնորհավորելով բնակարանամուտ տոնողներին, պարգևատրվածներին և ողջունելով Կոթիի բնակիչներին՝ Սեյրան Օհանյանը նրանց վստահեցրեց, որ գյուղի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում: Գյուղացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար և փաստեցին, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են կանգնելու զինվորի կողքին և պաշտպանելու հայրենիքի սահմանները:
  • Տարածել