Անհայտ կորած ազատամարտիկների օր

29 Հունիսի, 2009 00:00
Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Բացառություն չէր նաև այս տարին: Նրանց հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, «Միասին» երիտասարդական շարժման անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

Այցելուները ծաղիկներ դրեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Զորավարի շիրիմներին: Այնուհետև Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված անհայտ կորածների օրվան: Ելույթ ունեցողներն անդրադարձան արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշեցին կորցրած մարտական ընկերներին և խոնարհվեցին զոհվածների հիշատակի առջև: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր հիշատակի օր է: Եվս մեկ անգամ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց անձնազոհության, նվիրումի և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին մեր հաղթանակը: Անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին նախարարը վստահեցրեց, որ նրանց զավակների որոնման համար համապատասխան աշխատանքներ են իրականացվում ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի հետ համատեղ:
  • Տարածել