ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

20 Մայիսի, 2024 18:35
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին:
Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում:
Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է լիարժեքորեն ստուգել կատարվող աշխատանքի որակը և ի հայտ եկած թերությունները պատշաճ կարգով ներկայացնել ըստ վերադասության:
Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է նաև զորամիավորման պահպանության գոտիների, բնագծերի կահավորմամբ, նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ:
Բանակային զորամիավորման հրամանատարը զեկուցել է ինժեներական հագեցվածությանն ուղղված ամենօրյա ինտենսիվ քայլերի մասին:

  • Տարածել