ՀՀ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանի ողջույնի խոսքը Հանրապետության հրապարակում կայացած ՌԻ հիմնադրման 15 ամյակին նվիրված հանդիսության առթիվ

30 Հուլիսի, 2009 00:00
Մեծարգո պարոն նախարար, Վեհափառ Տեր,
ՀՀ բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնմանը զուգընթաց և հանդիսացավ նրա առաջին ձեռքբերումը: Ձեռնամուխ լինելով ՀՀ զինված ուժերի ստեղծմանը, մեր նորանկախ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում էր, որ այն պետք է լինի գիտուն, մասնագետ կադրերով, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված մի կառույց, որն ընդունակ լինի ապահովելու ՀՀ և ԼՂՀ անկախությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Կամավորական ջոկատներն ու երկրապահներն աստիճանաբար իրենց տեղը պետք է զիջեին ռազմարվեստի օրենքներին համապատասխան մարտական գործողություններ վարելու ընդունակ արհեստավարժ սպաներին: Ուստի անհրաժեշտություն էր առաջացել նորաստեղծ զինված ուժերի հրամանատարական կազմը համալրած ազատամարտիկների համար կազմակերպել մարտական պատրաստության դասընթացներ: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ էր ազատամարտիկների և խորհրդային բանակի սպաների հարուստ փորձն ու գիտելիքները միավորել և կիրառել սպայական նոր սերունդների ուսուցման և դաստիարակության գործում:

ՀՀ-ում սպայական կադրեր պատրաստելու հրամայականով 1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 279 որոշմամբ, ապա պաշտպանության նախարարի հունիսի 25-ի հրամանով հիմնադրվեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ռազմաուսումնական հաստատությունը: Այն անվանվեց «Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան»: Ռազմական ուսումնարան հիմնադրելը բավականին համարձակ քայլ էր նորաստեղծ բանակի համար, քանզի անգամ տասնամյակների պատմություն ունեցող բանակների համար նման կառույցի ստեղծումը լուրջ դժվարությունների հաղթահարում է ենթադրում: Ուսումնարանի առաջին պետ նշանակվեց գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը: Հետագա տարիներին այդ պաշտոնը զբաղեցրել են փոխգնդապետ Ա. Մինասյանը, գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը, գեներալ-մայոր Ա. Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը, գեներալ-մայոր Գ. Գաբրիելյանը: Ուսումնարանն արագորեն համալրվեց որակյալ պրոֆեսորադասախոսական կազմով, ստեղծվեցին կենսականորեն անհրաժեշտ բոլոր օղակները, դրվեցին բարձրորակ սպայական կադրերի պատրաստման համար ուսումնանյութական անհրաժեշտ բազայի հիմքերը: Գրեթե զրոյից միաժամանակ սկսվեց զորանոցների շինարարությունը, ուսումնական ծրագրերի, ուսումնանյութատեխնիկական բազայի ստեղծումը, հրամանատարական ու դասախոսական կազմի համալրումը, կուրսանտների ընտրությունը: Շնորհիվ ՀՀ կառավարության և ՊՆ համապատասխան վարչությունների գործադրած ջանքերի՝ 1994թ. սեպտեմբերի 1-ին ուսումնարանն առաջին անգամ իր դռները բացեց կուրսանտների առաջ: Ռազմական ինստիտուտի ստեղծումը նշանավորվեց պաշտպանության նախարարի կողմից ռազմական ինստիտուտի պետին մարտական դրոշի հանձնումով՝ որպես զինվորական պատվի, փառքի, արիության խորհրդանիշ, որպես հիշեցում յուրաքանչյուր կուրսանտի իր սրբազան պարտքի՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու մասին: Նորաստեղծ բանակի խնդիրներից ելնելով՝ Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանն իր գոյության սկզբնական շրջանում զինվորական մասնագետներ էր պատրաստում 8 մասնագիտությունների գծով: Միաժամանակ ՀՀ ԶՈՒ-երը սպաներով շուտափույթ համալրելու նպատակով ուսումնարանի բազայի վրա անցկացվում էին մեկամյա դասընթացներ, որտեղ ընդունվում էին բուհերն ավարտած երիտասարդներ՝ շեշտն առավելապես դնելով գործնական, ռազմադաշտային պարապմունքների վրա: Այդ նախաձեռնության շնորհիվ երկու տարվա ընթացքում դասընթացներն ավարտեցին 200-ից ավել բանիմաց սպաներ: Իսկ իր առաջին շրջանավարտները՝ 157 սպա, ՌԻ-ն տվեց 1998թ.-ին: ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 16-ի թիվ 24 որոշմամբ, ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական ուսումնարանը վերակազմավորվեց ռազմական ինստիտուտի՝ շարունակելով ուսուցումը 8 մասնագիտությունների գծով: 1999թ. ՀՀ նախագահի հրամանագրով ՌԻ-ին անվանվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: ՀՀ պաշտպանության նախարարի 2001թ. մայիսի 29-ի հրամանով ինստիտուտն անցավ երկու՝ մոտոհրաձգային և հրետանային մասնագիտություններով սպայական կադրերի պատրաստմանը: Համազորային մասնագիտությունների շրջանակներում 4-րդ կուրսում 2007-2008թթ. ուսումնական տարվանից պատրաստվում են նաև տանկիստներ, իսկ 2008-2009թթ. ուսումնական տարվանից՝ հետախույզներ և սակրավորներ: 2004թ. հունվարի 27-ից ռազմական ինստիտուտում գործում է նաև սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը: Այսօր ՌԻ-ում գործում է երկու ֆակուլտետ՝ համազորային՝ 4 ամբիոնով և հրետանային՝ 3 ամբիոնով, ինչպես նաև 3 առանձին ամբիոն: Ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված են տասնյակից ավելի գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, ռազմական գործի գիտակ բարձրակարգ դասախոսներ: Յուրաքանչյուր ուսումնական դասակ ունի իր լսարանը, իսկ մասնագիտացված ամբիոններում գործում են նաև հատուկ լսարան-լաբորատորիաներ: Ռազմական ինստիտուտի ձեռքբերումն է նաև օտար լեզուների ժամանակակից կաբինետները, որտեղ կուրսանտներն ուսանում են անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հունարեն և այլ լեզուներ: 2003թ.-ից սկսած, ինտեգրվելով պետական բուհերի համակարգում՝ ՌԻ-ին դարձավ հանրապետության պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ: Ռազմական կրթություն և լեյտենանտի սկզբնական սպայական կոչում ստանալուց զատ, ՌԻ-ի շրջանավարտները միջազգային բարձրագույն եռաստիճան համակարգի առաջին աստիճանի՝ բակալավրի որակավորում են ստանում: Իր ստեղծման օրվանից ինստիտուտը պատրաստել է ավելի քան 3000 սպա: Նրանցից շատերն այսօր զբաղեցնում են բարձր ու պատասխանատու պաշտոններ, իրենց գիտելիքներով ու ունակություններով նպաստելով զինված ուժերի կայացմանն ու զարգացմանը: Վստահ կարելի է ասել, որ այս 15 տարիների ընթացքում ռազմական ինստիտուտը կայացել է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ տարեցտարի աճում է ինստիտուտ ընդունվել ցանկացողների քանակը: ՌԻ այսօր ընդունվում է հայրենասեր երիատասարդներ, ովքեր գիտակցելով հայրենիքի պաշտպանության առաջնահերթությունը, իրենց ամբողջովին նվիրում են այդ սրբազան գործին: Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ սպայակազմի շարքերը համալրող նորավարտ լեյտենանտներին և նրանց ցանկանալով քաջառողջություն և հաջողություններ իրենց պատասխանատու և հայրենանվեր գործում, ՀՀ ղեկավարությանն ու հայ ժողովրդին հավաստիացնում եմ, որ մեր ռազմաուսումնական հաստատությունն այսուհետ ևս շարունակելու է իր երկրին, ժողովրդին և զինվորական երդմանը հավատարիմ, ռազմարվեստի ժամանակակից կանոններին քաջատեղյակ, ֆիզիկապես ու հոգեբանորեն կոփված սպաների պատրաստության գործը:
  • Տարածել