Հայտարարություն

2 Սեպտեմբերի, 2009 00:00
Ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Վայքի զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանը: Նույն օրը Արամ Մկրտչյանը վիարահատվել է և տեղափոխվել հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Սեպտեմբերի 1-ի առավոտյան` ժամը 08.05-ին, Արամ Մկրտչյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանազանցություն) քրեական գործ է հարուցվել Վայքի զորամասի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ` վերջինիս կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ: Օգոստոսի 29-ին կապիտան Անդոկ Գալստյանը ձերբակալվել է: 2009թ. սեպտեմբերի 1-ին 8-րդ կայազորային քննչական բաժնում գործը վարող քննիչի միջնորդությամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Կապիտան Անդոկ Գալստյանը` որպես մեղադրյալ, հարցաքննության ընթացքում ինքնախոստովանական մանրամասն ցուցմունք է տվել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ և իրեն մեղավոր ճանաչել: Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնում կատարվում է Արամ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները կհրապարակվեն: Նախաքննությունը շարունակվում է:
  • Տարածել