Հանդիպում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում
9 Սեպտեմբերի, 2009 00:00Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ) այցելեցին ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելք Հարավային Ասիա ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ` ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, դոկտոր Ռոջեր Կանգասը և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբստերի ուղեկցությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանը, «ՍՊՀսԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը: Ռազմավարական անվտանգության ասպարեզներում հեղինակություն վայելող մասնագետների համար այցը Ինստիտուտ մասնագիտական-ճանաչողական էր: Այն ուներ երկկողմ համագործակցության խորացման նպատակ:
Այցի սկզբում ԱՌՀԻ-ի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերի համար անցկացրեց փոքրիկ շրջայց՝ ներկայացնելով Ինստիտուտի կառուցվածքը: Այնուհետև նիստերի սրահում դոկտոր Քոթանջյանը բովանդակալից կերպով ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը, իր ղեկավարած կառույցի ստեղծման պատմությունը, դրա գիտակիրառական նշանակություն ունեցող արգասիքների համալիրը, ինչպես նաև Ինստիտուտի զարգացման հեռանկարները: Նա մասնավորապես նշեց, որ Ինստիտուտը՝ որպես տարածաշրջանի մտավոր քաղաքական-անվտանգային կենտրոններից մեկը, ակտիվ գործունեություն է ծավալել Պաշտպանական ազգային համալսարանի կերպափոխվելու ուղղությամբ: Գործընթացը փուլային է, և այժմ Ինստիտուտը անցել է զարգացման երկրորդ փուլ, որտեղ նախագծերի տեսքով ներկայացված են ապագա համալսարանի ենթակառուցվածքների կայացման հարցերը, այդ թվում՝ Ազգային անվտանգության դպրոցի ստեղծման ուղղությամբ: Այս համատեքստում դոկտոր Քոթանջյանը խիստ կարևորեց ամերիկյան գործընկերների փորձը՝ որպես օրինակ: Նա նշեց նաև, որ վերջին տարիների սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային և Հարվարդի համալսարանների, ինչպես նաև, Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, Լիոնի «Ժան Մուլին» համալսարանի Միջազգային անվտանգային և պաշտպանական հետազոտությունների կենտրոնի և ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հետ շարունակվում է: Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի նշված նախագծերի լիարժեք իրականացումը: Կողմերը նաև պատրաստակամություն հայտնեցին շարունակել աշխատանքային-փորձագիտական քննարկումները: