Հայաստանում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

21 Հունիսի, 2023 18:57
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ։ Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման գործընթացին առնչվող հարցեր, ինչը նույնպես ուսումնական կենտրոնի առաջնահերթություններից է:
Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային և առօրյային:
Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան է այցելում նաև Կանզասի նահանգապետ Լորա Քելին:

  • Տարածել