Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Ստրասբուրգ
13 Մայիսի, 2023 23:00ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Գևորգ Մարտիրոսյանը, Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի պատվիրակության կազմում, մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ թեմատիկ քննարկմանը և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի որոնողական համակարգի (HUDOC) հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։
Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի, Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ´Լիրիի, ԵԽ նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների հարցերով նախագահող, Լիխտենշտեյնի դեսպան Դոմենիկ Վանգերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ընթացքում կարևորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիայի արդյունավետության համատեքստում, հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների համագործակցությունը և նման ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը: